14.05.2009 | 
Ուսանողական
ՇՈՒՇԻ. ՈԳՈՒ ԹՌԻՉՔԸ
ՇՈՒՇԻ. ՈԳՈՒ ԹՌԻՉՔԸ
«Տղերքը պարում էին, եւ նրանց պարի մեջ կրակոցի որոտ կար»…

Այսպես էին հայ քաջորդիները գնում գրավելու Շուշին: Խելագար այս նախաձեռնությունը, որի հանճարեղության մասին լեգենդներ են հյուսվում, ձեռնարկը, որի մասին ուսուցանվում է պատերազմական մարտավարությունների դասընթացներում, ոգեւորության հրավառությունը, որին ոչ ոք չէր կարողանում հավատալ, կհասկանար միայն հայը…

 

Այս հերոսական ազատագրության մասին պատմելու, նորից հիշելու եւ քաջարի հայորդիների հիշատակի առջեւ խոնարհվելու համար ԵՊՀ ուսանողական խորհուրդը եւ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբն այսօր համախմբել էր համալսարանի բոլոր ուսանողներին, հրավիրել համալսարանական զոհված ազատամարտիկների ծնողներին ու հարազատներին:

 

Երեւանի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյա հոբելյանին նվիրված այս նախաձեռնությունը առիթ էր հիշելու համալսարանական 26 ազատամարտիկներին, ովքեր վտանգի պահին մեկնեցին ռազմաճակատ եւ արյան գնով պաշտպանեցին հայրենիքն ու համալսարանը: «Այս միջոցառման մեջ շատ մեծ խորհուրդ կա. այն նվիրված է միաժամանակ երկու մեծ սխրանքի` ԵՊՀ հիմնադրմանը եւ համալսարանի ուսանողների ու աշխատակիցների գործած սխրանքին մարտադաշտում,- ասաց ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը` խոսելով մի շատ ցավոտ հարցի մասին.- մեր մեջ կան մարդիկ, ովքեր ձեռք են բարձրացնում ազատամարտիկի անվան լսարանի վրա»: Ուսանողները դիտեցին «Շուշիի լեգենդը» կինոնկարը, որը «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի 25 ֆիլմերից մեկն է:

 

Ֆիլմում ներկայացված է Շուշին գրավելու գործողությունը, թե ինչ մարտական խմբեր որ ուղղություններով են գրոհել Շուշին: Փոքրիկ կոնկրետացումներ են արվել հատկապես ՀՅԴ քաջարի հերոսներից մեկի` Աշոտ Ղուլյանի սխրանքի վերաբերյալ, ով դիմահար բարձրացել է Շուշիի լեռնապատը:Վալերի Չտչյանի հետ առաջին նռնակները նետելով պարսպից ներս` նա Կոմանդոսին զեկուցել է, որ գտնվում է Շուշիի պարսպի տակ եւ սպասում տղերքին` ներս մտնելու…

 

«Ֆիլմը տուրք է այն հանճարեղ նախաձեռնությանն եւ զոհաբերությանը, երբ 1992 թվականին հայ քաջարի որդիներն իրենց նահատակումով ապացուցեցին, որ Հայաստանը կուլ տրվելու պատրաստ կերակուր չէ… Այդ ոգեւորումով է, որ անցնելով պատերազմի բովով` պարտք եմ համարել անդրադառնալ եւ վավերագրել այն հանճարեղ թռիչքը, որի թեւերի տակ այսօր մենք խաղաղ եւ ստեղծագործաբար ապրում ենք»,- ասաց ֆիլմի ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը:

 

Ֆիլմում օգտագործվել են 4 նվիրյալ օպերատորների աշխատանքներ, ովքեր տարբեր ճակատներում վավերագրել են այս ամբողջ պատմությունը: Ռեժիսորն ուրախ է, որ դահլիճում հավաքված երիտասարդների հայացքի մեջ հպարտություն կա: «Հայաստանը հավերժական երկիր է, եւ այն պահպանելու համար այս տղաները գլուխ են խոնարհել` այդ արյունոտ դրոշը փոխանցելով ձեզ»,- ասաց պարոն Թադեւոսյանը: Ֆիլմի դիտումից հետո ուսանողներին ողջունեց հանրահայտ երգահան եւ երգիչ Ռուբեն Հախվերդյանը` յուրաքանչյուրին հիշեցնելով արժանապատիվ ապրելու պարտքի մասին:

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը:
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է». ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻ ԿԵՐՊԱՐՈՒՄ ՄԱՆԵ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ Է
21-ամյա Մանե Ծատուրյանն այն համալսարանականներից է, որի նպատակասլաց կերպարը, անկասկած, օրինակ կարող է ծառայել յուրաքանչյուր երիտասարդի համար: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Մանեն արդեն իսկ լուրջ ձեռքբերումներ ունի թե՛ ուսման մեջ, թե՛ կարիերայի ստեղծման գործընթացում, թե՛ հասարակական ոլորտում: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրանտը փայլուն ուսանող է, որն ապրում է ներհամալսարանական և հասարակական ակտիվ կյանքով: Դեռևս 1-ին կուրսից նա եղել է ՈՒԽ անդամ, կազմակերպել ու մասնակցել ուսանողական միջոցառումների՝ չմոռանալով կրթության ու առաջադիմության մասին: Մանեն նաև անվճար է սովորում և ստանում «Ջոն Կիրակոսյանի անվան» կրթաթոշակ: