26.02.2020 | 
«ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԻ ԱՅՆ ԳՈՐԾՈՎ, ՈՐՈՎ ԻՆՔՆ ԱՊՐՈՒՄ Է». «MBG HOSPITALITY» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
«ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԻ ԱՅՆ ԳՈՐԾՈՎ, ՈՐՈՎ ԻՆՔՆ ԱՊՐՈՒՄ Է». «MBG HOSPITALITY» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր «Հայկական բիզնեսի տարածված սխալները» թեմայով վարպետության դաս է անցկացրել «MBG Hospitality» ընկերության հիմնադիր տնօրեն Կարեն Մարգարյանը:

Վարպետության դասը կազմակերպել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը՝ համագործակցելով ընկերության հետ:

«MBG Hospitality»-ն հայաստանյան «HORECA» ոլորտում գործող խոշոր մուլտիբրենդային ընկերություն է, որը հիմնադրվել է 2013 թ. Երևանում Կարեն Մարգարյանի կողմից և ներառված է ՀՀ խոշոր հարկատուների ցանկում:

Ընկերությունը միավորում է եվրոպական և հայկական խոհանոցով 8 ապրանքանիշ՝ «Louis Charden», «Hans &Franz», «Chinar», «Tsirani Home», «Tsirani Garden», «Vostan», «Alaska by Hans&Franz», «White Hall by Tsirani»:

Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

Շնորհակալություն հայտնելով ընկերությանը համագործակցության համար՝ Լիլիթ Հակոբյանը նշեց, որ ԵՊՀ-ի համար շատ կարևոր է նմանատիպ հանդիպումների կազմակերպումը, որոնց ընթացքում ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող անձանց և ուսանողներին տրվում է արժեքավոր տեղեկատվություն:

Այնուհետև դասընթացի մասնակիցներին ողջունեց «MBG Hospitality» ընկերության հիմնադիր տնօրեն Կարեն Մարգարյանը, որը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ-ին հանդիպումը կազմակերպելու համար:

Վարպետության դասի ընթացքում նա ներկայացրեց Հայաստանում բիզնեսով զբաղվելու առանձնահատկությունները:

Բանախոսը նախ անդրադարձավ հայկական բիզնես իրականությանը ԽՍՀՄ-ի տարիներին՝ նշելով, որ այդ ժամանակ Հայաստանում արտադրության բոլոր միջոցներն ազգայնացված էին, և գրեթե ողջ սեփականությունը գտնվում էր պետության ձեռքում:

 

Այնուհետև Կարեն Մարգարյանը ներկայացրեց իր կարիերայի մեկնարկի պայմանները ռեստորանային բիզնեսի համար. «Պետք է նշել, որ այս ընթացքում իմ անցած ճանապարհը հիմնված է եղել ոչ միայն դրական փորձի, այլև սխալների վրա, որոնց կանդրադառնամ նաև դասախոսության ընթացքում»:

Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ մարդը հասկանա, թե ինչով է ցանկանում զբաղվել, և որ ոլորտն է իր համար հետաքրքիր:

«Շատ մարդիկ զբաղվում են այն աշխատանքով, որն իրենց համար հետաքրքիր չէ, մինչդեռ մարդը պետք է զբաղվի այն գործով, որով ինքն ապրում է,- շեշտեց բանախոսը,-այդպես ես հասկացա, որ ՏՏ ոլորտն իմը չէ»:

Նա անդրադարձավ նաև բիզնեսի տարածված սխալներին՝ առանձնացնելով մեծ ներդրումների իրականացումը ոչ ճիշտ շուկայում, վերադարձելիության գործակցի չվերահաշվարկումը և շուկայում հայտնի ապրանքանիշների կրկնօրինակումը:

Այնուհետև Կարեն Մարգարյանը խոսեց Հայաստանում ռեստորանային բիզնես հիմնելու առանձնահատկությունների մասին՝ մանրամասն ներկայացնելով բիզնես գաղափարի զարգացման շրջափուլերը, ապա անդրադարձավ «CHINAR» ռեստորանի հաջողության պատմությանը. «Մենք կարողացանաք ստանալ մի միջավայր, որտեղ համատեղեցինք եվրոպական մոտեցումն ու հայկական հոգին»:

Վերջում ներկաներն իրենց հուզող հարցերն ուղղեցին հյուրին: