19.02.2021 | 
ՆՐԱՆՔ ԸՆՏՐԵՑԻՆ «ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ»-Ը. ԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ՆՐԱՆՔ ԸՆՏՐԵՑԻՆ «ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ»-Ը. ԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ լսարանների անվանակոչության և հիշատակի արարողություն:

Լսարաններն անվանակոչվել են ֆակուլտետի ուսանողներ, ազատամարտիկներ Սուրեն Մելիքբեկյանի և Ալեքսան Սիմոնյանի անուններով:

Անվանակոչության հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, Սուրեն Մելիքբեկյանի և Ալեքսան Սիմոնյանի ընտանիքները, ուսանողական և մարտական ընկերները, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողական կառույցների անդամներ:

Անվանակոչության հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես եկավ Մարատ Գրիգորյանը, որը, շնորհակալություն հայտնելով ներկաներին ցուցաբերած աջակցության համար, ցավակցության և սփոփանքի խոսքեր ուղղեց զոհվածների ընտանիքներին և հարազատներին:

«Մեր հերոսներն ընտրեցին գիտակցված մահն ու անմահության ճանապարհը,- խորը կսկիծով ասաց Մարատ Գրիգորյանը,- ծանր է խոսել անդառնալի կորուստների մասին, բայց մենք՝ ապրողներս, պետք է շարունակենք նրանց կիսատ թողած գործն ու իրականացնենք երազանքները»:

 

Ֆակուլտետի դեկանը պատմեց նաև Սուրեն Մելիքբեկյանի և Ալեքսան Սիմոնյանի համալսարանական կյանքի մասին:

Դեկանի խոսքով, Սուրեն Մելիքբեկյանը գերազանց էր սովորում, մեծ խելքի և ունակությունների տեր անձնավորություն էր, և բոլորն էլ սպասում էին, որ Սուրենն անպատճառ կմնա ու իր գիտական գործունեությունը կշարունակի ֆակուլտետում. «Սուրենն ընտրեց գիտակցված մահը, նա գիտեր, որ պատերազմը ծանր է լինելու, բայց ոչ կյանքի, ոչ մահվան մասին չէր մտածում, նա մտածում էր միայն հաղթանակի ու հաղթելու մասին»:

 

Ալեքսան Սիմոնյանի մասին պատմելով՝ Մարատ Գրիգորյանը հիշեց, որ թեպետ նա գերազանց չէր գնահատականներով, բայց առաջադեմ էր իր մտքով:

«Ալեքսանն ասպետական կեցվածք ունեցող երիտասարդ էր՝ անսահման ընկերասեր ու մեղմ ժպիտով,- հիշում է դեկանը,- երբ միմյանց հետ տարբեր հարցերի շուրջ զրուցում էինք, ինձ զարմացնում էին նրա համեստությունն ու մեծ հոգին, որով սիրում էր իր հայրենիքը»:

 

Պաշտոնական արարողության ընթացքում ցուցադրվեց երկու տեսանյութ՝ նվիրված Սուրեն Մելիքբեկյանի և Ալեքսան Սիմոնյանի կենսագրությանը:

 

Այնուհետև Մարատ Գրիգորյանը հյուրերին ուղեկցեց ազատամարտիկների անուններով կոչված լսարաններ՝ Սուրեն Մելիքբեկյանի անվան քարտեզագրության և գեոինֆորմատիկայի լաբորատորիա և Ալեքսան Սիմոնյանի անվան օգտակար հանածոների կաբինետ:

 

«Այս լսարաններն ամենալավ դասախոսությունն ու պատգամն են, որոնք պետք է սովորեցնեն ու դաստիարակեն ապագա սերունդներին»,- ասաց Մարատ Գրիգորյանը:

 

 

 

Ազատամարտիկների ծնողներն իրենց հերթին երախտիքի խոսք հայտնեցին ֆակուլտետի դեկանին և պրոֆեսորադասախոսական կազմին լսարանների անվանակոչության նախաձեռնությամբ հանդես գալու համար՝ հույս հայտնելով, որ այդ լսարանների ներկա ու  ապագա ուսանողները կծանոթանան ու կճանաչեն Սուրեն Մելիքբեկյանի և Ալեքսան Սիմոնյանի կենսագրությունն ու գործերը:

 

 

Անի Պողոսյան