14.07.2009 | 
Կրթություն
ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԵՏԸ` ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ
ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԵՏԸ` ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ
«Ձեր ստացած գիտելիքները շուտով իրենց անդրադարձը կունենան մեր երկրի տնտեսության ոլորտում»,- համոզված է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտներն այսօր հանդիսավոր պայմաններում ստացան իրենց մասնագիտական որակը հաստատող փաստաթղթերը` դիպլոմները: «Ցանկանում եմ հաջողություն ձեր ճշտգրիտ եւ արդիական մասնագիտության ոլորտում:

 

Միշտ հավատարիմ մնացեք ձեր մասնագիտությանը, քանի որ այսօր մեր շուկայում ունեք ուժեղ մրցակիցներ. դրանք Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներն են»,- ասաց ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը: Բակալավրիատն ավարտող Ջուլիետա Դաբաղյանը գերազանցության «կարմիր» դիպլոմ ստացավ եւ մտադիր է ուսումը շարունակել նույն ֆակուլտետի մագիստրատուրայի անվճար համակարգում:

 

«Շատ երջանիկ եմ այժմ, երբ ամփոփում եմ իմ` ԵՊՀ-ում անցկացրած կյանքի չորս լավագույն տարիները, հասկանում եմ, թե ինչքան եմ իմաստնացել ու եթե նորից ընդունվեի, հաստատ կընտրեի Մայր բուհի տնտեսագիտության ֆակուլտետը»,- ասաց Ջուլիետան, ով համոզված է, որ միշտ ըստ արժանվույն կկրի համալսարանականի կոչումը:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը շրջանավարտների հերթական խմբին կանաչ ճանապարհ եւ բարի երթ մաղթեց, ուրախությամբ նշեց, որ նրանցից շատերն արդեն աշխատում են մասնագիտությամբ: «Ես համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը բարձր կպահի համալսարանի պատիվը, իրեն միշտ համալսարանական կզգա: Ինչպես նաեւ հավատում եմ, որ ձեր մասնագիտական գործունեությունը ԵՊՀ-ի եւ մեր երկրի համար մեծ նշանակություն կունենա»:

 

«Մագիստրոսն արդեն գիտական աստիճան է, իսկ տնտեսագետ մագիստրոսը նաեւ մեծ պատասխանատվություն է: Մնում է ինքնուրույն կատարելագործվել, եւ ես այսօր նոր թափով աշխատելու թեւեր ստացա»,- ասաց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Արթուր Գրիգորյանը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, շրջանավարտներին անձնական եւ մասնագիտական հաջողություններ մաղթելով, հավելեց. «Հիշե´ք` դուք ավարտում եք Մայր բուհի ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկը: Այս ֆակուլտետի ուսանողները միշտ աչքի են ընկել իրենց բանիմացությամբ եւ կյանքին սթափ ու ճիշտ նայելու ունակությամբ»:

Այլ նորություններ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵԴԻԱ ԻՐԱՎՈՒՆՔ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Մեդիա իրավունք» կրթական ծրագիրը, որը նպաստելու է մասնակիցների իրավական գրագիտության բարձրացմանը:
ԵՊՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎԵԼՈՒ Է ԲՈԼՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
«Erasmus +» ծրագրի շրջանակում 2020 թվականի փետրվարից մեկնարկել է «Armdoct» եռամյա նախագիծը, որն ուղղված է Հայաստանում կրթական երրորդ աստիճանի բարեփոխմանը: