20.11.2007 | 
Հասարակություն
ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ
ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ
Մահացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադիր դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Գուրգենի Անանյանը:

Գառնիկ Գուրգենի Անանյանը ծնվել է 1934 թ. հուլիսի 22-ին Իջեւան քաղաքում: 1952 թ.-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1953-ին ընդունվել եւ 1958-ին գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Մեկ տարուց ավելի աշխատել է «Իջեւանի կոլտնտեսական» թերթի խմբագրությունում իբրեւ գրական աշխատող, իսկ 1959-1961 թթ. եղել է ՀԼԿԵՄ Իջեւանի շրջկոմի առաջին քարտուղարը: 

1961-1964 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1965 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայ գրականությունը եւ գրական քննադատությունը «Մուրճ» ամսագրում 1889-1900թթ.» թեմայով: 1982 թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Եղիշե Չարենց. կյանքի եւ ստեղծագործության հիմնահարցեր» թեմայով: 1983թ.-ից պրոֆեսոր է: 
1965 թ-ից դասախոսել է ԵՊՀ բանասիրական, ապա` ժուռնալիստիկայի ֆակուլտետներում: 

1977-1985 թթ. եղել է համալսարանի հրատարակչության տնօրենը: Նրա ղեկավարած տարիներին հիմնադրվեցին «Ուսանողի գրադարան» եւ «Հայագիտական» մատենաշարերը: Հրատարակվել են «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի», Մ. Չամչյան, «Հայոց պատմություն» եւ մի շարք այլ կոթողային աշխատություններ: 

1985-1996 թթ. եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանը, 1987-2000 թթ-ի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչը: 1999 թ. հոկտեմբերի 1-ից ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադիր դեկանն էր: 

1974 թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ էր, 1986 թ.-ից` Հայաստանի ժուռնալիստների միության: 2006թ.-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

Հեղինակ էր 30 գրքի, կազմել ու հրատարակության էր պատրաստել շուրջ 20 գիրք, հեղինակել էր մոտ 100 գիտական եւ ավելի քան 200 գրական-հրապարակախոսական հոդված: Արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միություն «Ոսկե գրիչ» մրցանակին: Ուներ երեք դուստր եւ երեք թոռնիկ:

Հոգեհանգիստը կկայանա նոյեմբերի 22-ին ժամը 17:00-ին Վարդանանց 26/1, բն. 8 հասցեում: Վերջին հրաժեշտը` նոյեմբերի 23-ին ժամը 13:00-14:00-ն ԵՊՀ Կենտրոնական մասնաշենքի ճեմասրահում, հուղարկավորությունը` ժամը 15:00 քաղաքային պանթեոնում:

Մեծավաստակ գիտնական, մանկավարժ, հրապարակախոս, շիտակ եւ արդարամիտ քաղաքացի Գառնիկ Գուրգենի Անանյանի հիշատակը միշտ վառ կմնա գործընկերների, ուսանողների եւ նրան ճանաչողների սրտերում:

Այլ նորություններ
«ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԵՊՀ
Արդեն մի քանի օր է՝ «Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Այսօր շարժման ներկայացուցիչները մտել են ԵՊՀ, հանդիպել ռեկտորի հետ և կոչով դիմել ուսանողներին ու դասախոսներին։