05.12.2007 | 
«ՏԸՆ-ՏԵ՜Ս… ՀԱՂ-ԹՈ՜Ղ»
«ՏԸՆ-ՏԵ՜Ս… ՀԱՂ-ԹՈ՜Ղ»
Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի վոլեյբոլի թիմը այս տարվա մրցաշարի հաղթող ճանաչվեց:
Դեկտեմբերի 5-ին կայացավ ԵՊՀ վոլեյբոլի միջֆակուլտետային մրցաշարի եզրափակիչ փուլը: 2/0 արդյունքով` երկրորդ տեղը գրավեց Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆալկուլտետի հավաքականը, 3-րդ տեղում էր Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի թիմը: Հաղթող թիմերն արժանացան պատվոգրերի, իսկ Տնտեագիտության ֆակուլտետին տրվեց նաեւ հատուկ գավաթ: ԵՊՀ ուսանողական խորհրդի սպորտի հանձնաժողովի եւ Ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնի նախաձեռնությամբ` նոյեմբերի 28-ին մեկնարկած մրցաշարին մասնակցում էր 13 թիմեր, որոնք բաղկացած էին 10-ական անդամից: Խաղերն անցան օլիմպիական մրցակարգով, այսինքն` պարտվող թիմը դուրս էր գալիս խաղից: Ինչպես նշեց ամբիոնի դասախոս Սարգիս Սանթրոսյանը, երկար ժամանակ նման մրցումներ չէին անցկացվել, սակայն ՈՒԽ հանձնաժողովի հետեւողականության շնորհիվ հնարավոր եղավ այս տարի այն իրականացնել: «Խաղը շատ հետաքրքիր էր: Պատրաստվում ենք գարնանը նմանատիպ մի մրցաշար էլ անցկացնել, որ նվիրված կլինի Երեւանի պետական համալսարանի 90-ամյակին: Այս անգամ, սակայն, խաղերը կանցկացվեն ենթախմբերով»,- ասաց պարոն Սանթրոսյանը: Ուսխորհրդի սպորտի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Սարգսյանը խաղերի ընթացքը բավականին ակտիվ է համարում. «Շատ քաջալերեցին Տնտեսագիտության ֆակուլտետի թիմի երկրպագուները, սպորտային լեզվով ասած` ուժեղ «ֆան կլուբ» է»: Ի տարբերություն ընդունված կարգի` ներբուհական այս մրցաշարի հավաքականները խառը տիպի էին, խաղում էին ե՛ւ աղջիկներ, ե՛ւ տղաներ: Տնտեսագիտության ֆակուլտետի թիմում երկու աղջիկ կար: Շուշանիկ Հովսեփյանը, ով նաեւ համալսարանի վոլեյբոլի հավաքականի անդամ է, դեռ չի գիտակցում հաղթանակի հաճույքը: «Տղաների հետ խաղալու փորձ չունեի: Նույնիսկ ցանցի բարձրության տարբերություններ կան (տղաների խաղի դեպքում ցանցը 20 սմ-ով բարձր է): Ամենադժվարը երեւի թե հենց առաջին խաղն էր. մասնակիցներս իրար գրեթե չէինք ճանաչում, իսկ վոլեյբոլը թիմային խաղ է: Երկրորդ խաղի ժամանակ արդեն գիտեինք` ինչպես խաղանք, հասկանում էինք իրար»: