15.10.2019 | 
«ԱՐՓԱ» ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԵՊՀ-ԻՆ Է ՆՎԻՐԵԼ «HANNA INSTRUMENTS» ԵՐԿԻՈՆԱՆԻ ԻՈՆՈՄԵՏՐ
«ԱՐՓԱ» ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԵՊՀ-ԻՆ Է ՆՎԻՐԵԼ «HANNA INSTRUMENTS» ԵՐԿԻՈՆԱՆԻ ԻՈՆՈՄԵՏՐ
«Արփա» ինստիտուտը ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնին է նվիրել «Hanna instruments» երկիոնանի իոնոմետր:

Ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանն այսօր այցելել էր ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն:

«Արփա» ամերիկյան ինստիտուտը Հայաստանում գործում է 1992 թվականից, հիմնական նպատակն է Հայաստանին մասնագիտական օգնություն տրամադրել:

Հակոբ Փանոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինստիտուտի տարբեր ոլորտների մասնագետներն ուսումնասիրում են հայաստանյան համալսարաններն ու Գիտությունների ազգային ակադեմիան՝ հասկանալու համար, թե ինչպիսի ծրագրեր կարելի է իրականացնել:

 

«Մեր իրականացրած ծրագրերը շատ տարբեր են՝ սկսած մասնագիտական դասախոսությունների համար համապատասխան մասնագետների հետ կապ հաստատելուց, վերջացրած համապատասխան սարքավորումների տրամադրմամբ»,- ասաց նա:

Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի կենտրոնի գործունեության մասին «Արփա» ինստիտուտը տեղեկացել է երիտասարդ գիտնականների համար հայտարարված նորարարության ամենամյա մրցույթի շնորհիվ, որին մասնակցել է նաև կենտրոնը:

«Մեզ համար ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի կենտրոնի գործունեությունը շատ հետաքրքիր էր, և մենք սիրով որոշեցինք օգտակար լինել»,- շեշտեց Հակոբ Փանոսյանը:

Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը, ներկայացնելով «Hanna instruments» երկիոնանի իոնոմետրը, պարզաբանեց, որ սարքը հնարավորություն է տալիս կատարելու միաժամանակ երկու տարբեր իոնների չափում:

«Սարքն ունի մեծ ճշգրտություն, ինչի շնորհիվ մենք կարող ենք կենդանի օրգանիզմներում ճշգրիտ չափումներ կատարել՝ ստանալով մեզ հուզող հարցերի պատասխանները»,- ասաց Կարեն Թռչունյանը:

 Անի Պողոսյան