27.04.2011 | 
Կրթություն
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Կենսաբանության ֆակուլտետում նոր մագիստրոսական ծրագիր է բացվում:

Ապրիլի 9-ից 18-ը ««Կիրառական կենսաբանություն» մագիստրոսական ծրագրի մշակում» նախագծի շրջանակում ԵՊՀ պատվիրակությունը հյուրընկալվել էր Արեւմտյան Անգլիայի համալսարանում: Այցի հիմնական նպատակն էր համագործակից բուհերի ներկայացուցիչների հետ ծրագրի վերջնական կառուցվածքը եւ բովանդակությունը քննարկելը: ԵՊՀ պատվիրակության կազմում էին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, ծրագրի ղեկավար Նելլի Հովհաննիսյանը, Կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ալեքսանդր Եսայանը եւ Մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը:

 

«Կիրառական կենսաբանություն» մագիստրոսական նոր ծրագիրը մշակվել է Եվրամիության «Տեմպուս» ծրագրի շրջանակում` Հայաստանի, Վրաստանի եւ եվրոպական առաջատար մի շարք համալսարանների ու կառույցների (Արեւմտյան Անգլիայի համալսարան (Մեծ Բրիտանիա), Սալոնիկի Արիստոտելի համալսարան (Հունաստան), «P&B» խորհրդատվական կազմակերպություն (Պորտուգալիա), Ալեկանտեի համալսարան (Իսպանիա)) միջեւ համագործակցության արդյունքում: 2010 թ-ի հունվարին մեկնարկած նախագծին, ԵՊՀ-ից բացի, Հայաստանյան բուհերից մասնակցում է նաեւ Հայաստանի պետական ագրարային համալսարանը (ՀՊԱՀ): Ծրագիրը կմեկնարկի 2011-2012 ուստարվանից:

 

Այն կազմված է հիմնական` պարտադիր, եւ կամընտրական մոդուլներից եւ պատրաստում է բարձր որակավորում ունեցող մասնագետներ հետեւյալ չորս ուղղություններով` «Առողջապահական կենսատեխնոլոգիա», «Գյուղատնտեսական կենսատեխնոլոգիա», «Բնապահպանական կենսատեխնոլոգիա» եւ «Սննդի կենսատեխնոլոգիա»: Այցի ժամանակ քննարկվել են ծրագրի տարբեր փուլերի իրականացման ընթացակարգերը, ներկայացվել են ԵՊՀ-ի եւ ՀՊԱՀ-ի` ծրագրի շրջանակում ստեղծված վեբ կայքերը: Անգլիայի Հարթփուրի քոլեջում քննարկվել են մասնագիտական պրակտիկայի անցկացման եւ Հայաստանի ու Վրաստանի համալսարանների միջեւ կրկնակի աստիճանաշնորհման ծրագրի մշակման հնարավորությունները:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։