27.09.2007 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ի ՆՈՐԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
ԵՊՀ-Ի ՆՈՐԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
Ի՞նչ է նշանակում ժամանակակից լսարան` ուսուցչի համակարգիչ, պրոյեկտոր, ինտերակտիվ սպիտակ գրատախտակ:

«Ինտերակտիվ տեխնոլոգիաները կրթության ոլորտում` խնդիրներ եւ լուծումներ» թեմայով միջազգային սեմինարի հիմնական նպատակն է նաեւ այս հեռանկարի իրականացումը: Սեպտեմբերի 27-ին Երեւանի պետական համալսարանում մեկնարկած սեմինարը կազմակերպել էին ԵՊՀ-ն, «SMART Technologies Inc» եւ «Mitsubishi Electric Europe B.V.» ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչ «Ֆիրմա Ալֆա» ընկերությունը: Սեմինարին ներկա էին Հայաստանի կրթության ոլորտի պատասխանատուներ, բարձրագույն, միջին մասնագիտական եւ միջնակարգ կրթօջախների ներկայացուցիչներ: Բանախոսները կրթության որակի բարձրացման համար առաջարկում էին նորագույն տեխնոլոգիաների կիրառում ուսումնական գործընթացում: 

«Ֆիրմա Ալֆա» ընկերության գլխավոր տնօրեն Ռուբեն Եսայանը վստահ է, որ կրթությանը պետք է տրվի ռազմավարական նշանակություն, ու նրա վրա ծախսվող գումարները պետք է լինեն նույնքան, ինչքան անվտանգության համար կատարվող ծախսերը: «Կրթության որակը չի կարող նույնը մնալ, պիտի զարգանա, կատարելագործվի: Հնարավոր չէ որակյալ կրթություն ապահովել` զերծ մնալով ամբողջ աշխարհում կիրառվող ժամանակակից բարձրագույն տեխնոլոգիաներից»,- ասաց տնօրենը: 

Սեմինարի ընթացքում հնչած զեկուցումները վերաբերում էին ոչ միայն բարձրագույն տեխնոլոգիաներին, այլեւ հայաստանյան կրթական համակարգում դրանց կիրառման հնարավորություններին ու հեռանկարներին: Ինտերակտիվ սպիտակ գրատախտակների արտադրության առաջատար կանադական «SMART Technologies Inc» ընկերության պատասխանատու Դագ Հենսոնը նկատեց, որ նորագույն տեխնոլոգիաների միջոցով ուսուցում իրականացնելը օգնում է գիտելիքի յուրացմանը: «Սրանք բարձրացնում են ոչ միայն դասախոսների մակարդակը, նրանց լրացուցիչ աշխատանքի մղում, այլեւ հեշտացնում են աշխատանքը լսարանի հետ, օգնում հատուկ կարիքներ ունեցող ուսանողներին` ընկալելու նոր տեղեկատվությունը»,- ասաց Դագ Հենսոնը: 

Դասախոսները հատուկ անվանական վահանակներ են տալիս ուսանողներին, առաջարկում քննական հարցերը, իսկ ուսանողների պատասխանները գրանցվում են համակարգչում: Բազմաթիվ տետրեր ստուգելու ու ժամանակ ծախսելու փոխարեն համակարգիչը միանգամից ցույց է տալիս արդյունքը: Ի դեպ, այս դեպքում բացառվում է նաեւ դասախոսի սուբյեկտիվ մոտեցումը: 

Թեեւ նման տեխնոլոգիաների ձեռքբերումը բավականին թանկ հաճույք է Հայաստանի պես երկրի համար, այնուամենայնիվ, ինչպես նշեց «Ֆիրմա Ալֆա» ընկերության տնօրենը, ֆինանսական խնդիրը երբեք որոշիչ դեր չի խաղում: «Եթե ղեկավարը թարմ մտքերի ու աշխատանքի բարձր որակի ջատագով է, միշտ էլ միջոցներ կգտնվեն նման անհրաժեշտ տեխնոլոգիաների ձեռքբերման համար»,- ասաց նա: 

Ի դեպ, Հայաստանի երեք առաջատար բուհեր մեկ շաբաթ անց կունենան նմանատիպ ինտերակտիվ գրատախտակներ:

Այլ նորություններ
ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԸ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ Է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, ԵՊՀ շրջանավարտ, ավագ լեյտենանտ, Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած և Շուշիի պաշտպանության համար հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, որն այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փոխանցել է նրա ընտանիքին:
«ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին: