01.10.2008 | 
ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
ՀՀ ՍԴ հրավերով Հայաստան ժամանած դատավորների խումբն այցելեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ:
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ այցելած Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի պատվիրակությունը հանդիպեց ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, գիտխորհրդի եւ մագիստրատուրայի ուսանողների հետ: Պատվիրակության ղեկավարն Էր Լատվիայի սահմանադրական դատարանի նախագահ Գունար Կուտրիսը: Պատվիրակության կազմում էին ՍԴ նախագահի տեղակալ Յուրիս Ելագինսը, դատավոր Կասպար Բալոդիսը, ՍԴ դատավոր Վիկտոր Սկուդրան, ՍԴ նախագահի օգնական Ալլա Սպալեն: ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ուղեկցում էր պատվիրակությանը: Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նախ ողջունեց հյուրերին եւ կարեւորելով նման հանդիպումները` նշեց. «Նախ եւ առաջ շնորհակալ եմ, որ ՀՀ ՍԴ նախագահը համաձայնեց հյուրերին ուղեկցել մեր ֆակուլտետ` մեզ հնարավորություն ընձեռնելով ծանոթանալ Լատվիայի ՍԴ գործունեությանը»: Լատվիայի ՍԴ նախագահը սկզբում խոսեց կառույցի գործունեության առանձնահատկությունների, ապա նաեւ Հայաստանի ՍԴ-ի հետ նմանությունների եւ տարբերությունների մասին: Քննարկման մասնակիցները հնարավորություն ստացան նաեւ հարցեր ուղղելու հյուրերին: «Կարծում եմ` ժամանակը չի բավականացնի, որպեսզի կարողանանք խոսել բոլոր հարցերի շուրջ, սակայն կաշխատեմ ձեզ հուզող հարցերին պատասխանել մեր երկրի օրինակով: Մենք արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում ենք եւ արդեն այցելել ենք Սահմանադրական դատարան եւ ծանոթացել գործընթացներին եւ խնդիրներին: Ընդհանրապես, կարծում եմ, շատ կարեւոր է ուսումնասիրել տարբեր երկրների փորձերը»,- ասաց Գունար Կուտրիսը: Հանդիպման վերջում Գագիկ Ղազինյանը շնորհակալություն հայտնեց Գագիկ Հարությունյանին եւ Գունար Կուտրիսին իրավագիտության ֆակուլտետ այցելելու համար եւ որպես հուշ` հանձնեց «Էջմիածնի գանձերը» գիրքը: Գունար Կուտրիսն էլ իր հերթին շնորհակալ եղավ դեկանին եւ հավելեց, որ այս նվերը շատ անհրաժեշտ է, քանի որ վաղը պատվիրակությունը նախատեսում է այցելել Էջմիածին: