07.09.2009 | 
Ուսանողական, Գիտություն, Հասարակություն
VIVAcell-Ն ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է…
VIVAcell-Ն ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է…
Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների հյուրն էր:

Նա դասախոսություն էր կարդում «ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն» թեմայով: Նախաձեռնությունը ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ինն էր: Որպես հանդիպման վայր` ընտրվել էր Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, որովհետեւ հենց այստեղ են պատրաստվում այդ ընկերության ապագա պոտենցիալ աշխատակիցները, այսինքն` հեռահաղորդակցության մասնագետները: «Բուհերի հետ համագործակցությունն այս տարի որոշեցինք սկսել Երեւանի պետական համալսարանից:

 

Սպասվում է նաեւ հանդիպումների շարք Հայաստանի տարբեր մարզերում գործող բուհերի ուսանողների հետ: Շատ կարեւոր է , որ մեզ նման կազմակերպություններն իրենց ունեցած փորձն ու գիտելիքները փոխանցեն ուսանողներին, քանի որ նրանք են մեր գործի շարունակողները»,- ասաց Ռալֆ Յիրիկյանը: Հանդիպման սկզբում ցուցադրվեց փոքրիկ տեսաֆիլմ, որը պատմում էր ՎիվաՍել-ի գործունեության ու տեխնիկական հնարավորությունների մասին:

 

Այնուհետեւ պարոն Յիրիկյանը ներկայացրեց ընկերության ռազմավարության մշակման սկզբունքները, խոսեց նաեւ սոցիալական պատասխանատվության օրակարգի մասին: Համագործակցության այսպիսի մոդելն արտասահմանում վաղուց է կիրառվում: Դա կոչվում է կորպորատիվ համագործակցություն, երբ բուհը համագործակցում է կորպորատիվ կազմակերպության հետ, նրանք համատեղ իրականացնում են ուսումնական ծրագիր, որից հետո ընկերությունն իր համար ընտրում է կադրեր` համապատասխան գիտելիքներով ու հմտություններով:

 

Ի դեպ, այդ սկզբունքով ԵՊՀ-ն արդեն մի քանի տարի է` համագործակցում է «Սինոփսիս Արմենիա» ֆիրմայի հետ: «Նախաձեռնությունը շատ գովելի է: Բարձրագույն կրթությունը կարող է լիաթոք շնչել եւ զարգանալ միայն գործատուի հետ շատ ամուր համագործակցության միջոցով: Այսպիսի ծրագրերը մեզ օգնում են ձեռքը պահել ժամանակակից աշխատաշուկայի զարկերակի վրա»,- հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Այլ նորություններ
ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում ՄՊՀ անդամ, Իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ի.գ.թ.Տիգրան Մարկոսյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին ներկայացրեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները:
«ՉՆԱՅԱԾ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԳՐԱՎԻՉ ԵՆ, ԲԱՅՑ ՄԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ՄԵՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆԸ». ԱՆԱՀԻՏ ՕՐԲԵԼՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիս բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Օրբելյանը վստահ է, որ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում մեծ ներուժ ունի: Երիտասարդ համալսարանականն ունի իր տեսլականը պետության զարգացման համար, որի առանցքային տարրը երիտասարդն է՝ հայրենասեր ու նպատակասլաց: