Մայիսի 19-ին ԵՊՀ-ում մեծարում էին հայ մեծ բարերար, ՀՀ ազգային հերոս Ալեք Մանուկյանին: «Մեր մեծերը» խորագրով ծրագրի շրջանակում իրականացված ցերեկույթը կազմակերպվել էր ԵՊՀ-ի եւ Սփյուռքի նախարարության համատեղ ջանքերով: «Ծրագրի նպատակն է սփյուռքը ծանոթացնել հայրենիքին, հայրենիքը`սփյուռքին:
Եթե այսօր դուրս գանք փողոց ու հարցնենք` գիտե՞ն արդյոք, թե ո՞վ է Ալեք Մանուկյանը, ցավոք, քչերը կճանաչեն այդ մեծ մարդուն, մեծ հային, մեծ բարերարին, մեծ եկեղեցասերին եւ մեծ ընտանիքասերին: Ցավոք, խորհրդային տարիներին սփյուռքը մեզ համար փակ ոլորտ է եղել: Երբ այցելում եմ սփյուռքահայ գաղթօջախներ, ամենուր տեսնում եմ նրա հետքերը: Ես ուրախ եմ, որ 2009 թ-ը մենք նվիրել ենք սփյուռքի խոշորագույն դեմքերին` Ալեք Մանուկյանին, Քըրք Քըրքորյանին, Շառլ Ազնավուրին եւ Վազգեն Ա-ին»,-ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ալեք Մանուկյանը ծնվել է 1901 թ-ին Զմյուռնիայում: 19 տարեկան հասակում մեկնում է ԱՄՆ , որտեղ գումար է վաստակում` գործարանային տարբեր աշխատանքներ կատարելով: Նա տասը տարում փոխել է յոթ աշխատանք. սկզբում շաբաթական վաստակում էր 20 դոլար, այնուհետեւ` 25… եւ այդպես շարունակ, մինչեւ որ 1929 թ-ին հիմնեց իր սեփական ձեռնարկությունը: 1930-ականներից սկսում է զբաղվել բարեգործությամբ: 1953 թ-ին ՀԲԸՄ կենտրոնական ժողովի կողմից ընտրվում է Միջազգային նախագահ` վարելով այդ պաշտոնը 36 տարի: Մահկանացուն կնքել է 1996 թ-ին Դեթրոյթում:
«Նրա կյանքի վերջին օրերին ես ամեն օր գնում էի նրա մոտ, եւ նա ինձ ստիպում էր իրեն ուղղված նամակները մեկ առ մեկ կարդալ: Վերջին նամակը ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանից էր: Նրա վերջին խոսքերը եղան «Հայաստանեն մարդ բդի գա քովս»»,- հիշում է «Ալեք Մանուկյան» հայկական գրասենյակի վարիչ Երվանդ Ազատյանը: Միջոցառմանը ներկա էին համալսարանականներ, Ալեք Մանուկյանի «զինակիցներ» եւ մի շարք պատվավոր հյուրեր: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհիներ Տաթեւ Հարությունյանը եւ Մարիամ Կարապետյանը իրենց զեկույցներով ներկայացրին մեծ բարերարի կյանքը, գործունեությունը եւ նրա մտորումները հայրենիքի մասին:
«Անցած մի քանի տասնամյակներում` Խորհրդային Միության տարիներին, «բարեգործություն» բառը դուրս էր մղվել մեր ամենօրյա խոսակցությունից, «բարեգործ» հասկացությունն անհետացել էր մեր մտքից, սակայն երբեք չի անհետացել մեր ժողովրդի հոգուց: Մեր նոր ժամանակներում հայ մեծ բարեգործի անունը հավերժ կրում է Ալեք Մանուկյանը:
Կրթության, գիտության ասպարեզներում իսկապես դժվար է նրա արածը թերագնահատել: Տեսականորեն նրա մասին խոսելն ու գովեստի խոսքեր ասելը հեշտ է, բայց այլ բան է, երբ սեփական աչքերով ես տեսնում նրա կատարած մեծ գործը սփյուռքի, հայ եկեղեցու եւ հայ մշակույթի համար: Մենք հպարտ ենք, որ ԵՊՀ-ն գտնվում է նրա անունը կրող փողոցում»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հանդիսության ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումը ու ՀԲԸՄ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդաց տների դհոլահարները: