12.10.2011 | 
Կրթություն
ԼՅՈՒՑԵՆԲԵՐԳԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
ԼՅՈՒՑԵՆԲԵՐԳԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Հոկտեմբերի 11-ին ԵՊՀ ուսանողներին հնարավորություն ընձեռվեց ունկնդրելու Ռաուլ դե Լյուցենբերգերի դասախոսությունը:

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը Հայաստանում եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերի առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ կազմակերպել էր «Արեւելյան գործընկերության գագաթնաժողովային զարգացումներն ու սպասելիքները» թեմայով դասախոսություն: Հանդիպմանը, բացի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ուսանողներից, մասնակցում էին նաեւ դասախոսներ, Հայաստանում ԵՄ պատվիրակության աշխատակազմի եւ միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ: Դեսպանը նշեց, որ սեպտեմբերին Վարշավայում անցկացված Արեւելյան գործընկերության 2-րդ գագաթնաժողովն ուղղված էր Եվրամիության եւ Արեւելյան Եվրոպայի ու Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության ամրապնդմանը:

 

Անդրադառնալով մեր տարածաշրջանի խնդիրներին` Ռաուլ դե Լյուցենբերգերը հավելեց, որ տարածաշրջանի զարգացմանը խանգարում են Հարավային Կովկասում չլուծված հակամարտությունները, եւ Եվրամիությունն ԱՊՀ երկրներից ակնկալում է կոնֆլիկտների խաղաղ ճանապարհով լուծմանն ուղղված դիվանագիտական քայլեր: «Այս գագաթնաժողովը բավականին արդյունավետ է եղել Հայաստանի համար, եւ մոտ ապագայում մենք նախատեսում ենք քննարկմանը ներկայացնել Հայաստանի հետ առանց վիզային ռեժիմին անցնելու քաղաքականության հարցը»,- նշեց դեսպանը: Բանախոսը ներկայացրեց նաեւ եվրոպական որոշ կրթական ծրագրեր, որոնք հայ ուսանողներին հնարավորություն կտան կրթությունը շարունակելու Եվրոպայում: Դասախոսության վերջում Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը նշեց, որ այս դասախոսությունը Հայաստանում եվրոպական միության պատվիրակության ղեկավարի վերջին ելույթն է, բայց համալսարանականները հույս ունեն, որ Ռաուլ դե Լյուցենբերգերին դեռ կհանդիպեն, բայց արդեն որպես պրոֆեսորի:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։