27.03.2007 | 
Ուսանողական
ԿՐԹՈՒՄ ԵՆ ԱՊԱԳԱ ԼԻԴԵՐՆԵՐԻՆ
ԿՐԹՈՒՄ ԵՆ ԱՊԱԳԱ ԼԻԴԵՐՆԵՐԻՆ
«Իմ մեջ նոր որակներ բացահայտեցի, որոնց մասին մինչ այդ չգիտեի»:

Երեւանի պետական համալսարանի ուսխորհրդի փոխնախագահ Գրիգոր Գրիգորյանը այդ մասին խոստովանեց Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում կազմակերպված դասընթացին մասնակցելուց հետո: Մարտի 9-ին ԵՊՀ ուսանողական բաժնի նախաձեռնությամբ մեկնարկեց «Առաջնորդություն եւ ուսանողական աշխատանքների կազմակերպման հիմունքները» խորագրով ուսուցողական դասընթացը:

«Նմանատիպ դասընթացները ուսանողական շրջանում հասարակական ակտիվությունը բարձրացնելու ամենաարդյունավետ միջոցներից են,- ասաց Ուսանողական բաժնի վարիչ Միհրան Հակոբյանը: - Սրանք շարունակական բնույթ են ունենալու, ու կարծում եմ` դրանց արդյունքում ուսանողների շփումները կակտիվանան»:

Նա նշեց նաեւ, որ եվրոպական երկրներում նման դասընթացները համարվում են ոչ ֆորմալ կրթության ձեւ ու շատ ընդունելի են, Հայաստանի կառավարությունն էլ ունի ոչ ֆորմալ կրթության հայեցակարգ:

Մարտի 23-25-ը դասընթացի հաջորդ փուլն էր` նոր մասնակիցներով: Վերջիններս ընտրվել են հատուկ հարցաթերթիկների միջոցով: «Մենք ընտրում ենք ոչ թե լավագույններին, այլ նրանց, ովքեր ուզում են ակտիվ հասարակական աշխատանք ծավալել, սակայն ինչ-ինչ խնդիրներ ունեն այդ ոլորտում: Վստահ եմ, որ դասընթացը կօգնի նրանց հաղթահարել այդ դժվարությունները»,- հավելեց Միհրան Հակոբյանը:

Մասնակիցները թիմերի են բաժանվում եւ պրոֆեսիոնալ խմբավարների օգնությամբ որոշակի առաջադրանքներ կատարում: Նախատեսված են դասախոսություններ լիդերության, ուսանողների իրավունքների եւ պարտականությունների, ուսանողական կառույցների գործունեության վերաբերյալ: Դասախոսում են ԵՊՀ ռեկտորի օգնական, հոգեբան Դավիթ Հայրապետյանը, Իրավաբանական բաժնի վարիչ Արմեն Թադեւոսյանը, Ուսանողական բաժնի վարիչ Միհրան Հակոբյանը:

Գրիգորի համար ամենահետաքրքիր հարցերից մեկը ուսանողական կոդեքսի ստեղծումն է, որ դարձյալ ուսանողական բաժնի նախաձեռնությունն է: «Ուսանողական կոդեքս ունենալը շատ կարեւոր է բոլորիս համար: Աշխարհի առաջատար բոլոր բուհերն ունեն նման փաստաթուղթ, մենք էլ պետք է ուսանողի իրավունքների եւ պարտականությունների մասին այս փաստաթղթի մշակմանը լուրջ վերաբերվենք»,- ասաց ուսխորհրդի փոխնախագահը:

Դասընթացի ավարտին մասնակիցները գնահատման թերթիկներ են լրացնում, ուր գնահատում են թիմակիցներին ու դասախոսներին, դիտողություններ ու առաջարկներ անում: «Առաջին անգամ մշակութային մասի կազմակերպման գործում բացթողումներ ունեինք, բայց երկրորդին կարողացանք պայմանավորվել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հետ, ով հաճույքով հանդիպեց մասնակիցներին»:

Դասընթացի արդյունքում ձեւավորվում է թիմային մտածելակերպ, ու մասնակիցները պատրաստ են միմյանց հետ աշխատել անգամ ծաղկաձորյան պայմաններից դուրս:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին: