23.04.2014 | 
Ուսանողական
ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 99-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 99-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի ճեմասրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված մոմավառություն՝ ի հիշատակ 1.5 միլիոն անմեղ զոհերի։

Արդեն 6 տարի է, ինչ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մի շարք համալսարանականներ, իրենց ձեռքերով վառելով մոմերը, աստիճանների վրա կազմում են Եղեռնի համապատասխան տարելիցի թվանշանը։ Այս տարի նույնպես ուսանողները ոչ միայն մոմերով գրել էին 99 թիվը, այլև ստեղծել էին յուրօրինակ խաչ։

 

«Միջոցառման հիմնական խորհուրդը ևս մեկ անգամ ոգեկոչելն է Ցեղասպանության զոհերին։ Յուրաքանչյուր տարի, երբ ուսանողներն ընդունվում են համալսարան, հենց առաջին կուրսում փորձում են յուրովի մոտենալ այս խորհրդին։ Մոմավառությունից անմիջապես հետո մենք կուղևորվենք Ազատության հրապարակ, այնուհետև կքայլենք դեպի Ծիծեռնակաբերդ մեր բողոքի ձայնը բարձրացնելու Թուրքիայի այն քաղաքականության դեմ, որը վարվում է առ այսօր ու շարունակությունն է Հայոց ցեղասպանության»,- ասաց ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը։

 

Մոմավառությանը մասնակցում էին ոչ միայն համալսարանական կառույցների ակտիվ մասնակիցները, այլև տարբեր ֆակուլտետների ուսանողներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։

 

Մոմավառությունից հետո համալսարանականները մասնակցեցին նաև ամենամյա ջահերով երթին։ Այս տարի ևս ԵՊՀ-ականները առանձնահատուկ էին պատրաստվել։ Նրանցից շատերն անձամբ էին պլաստմասե շշերից մոմակալներ պատրաստել, պաստառներ գրել և մեծ ու փոքր դրոշներ կարել։

 

Ակտիվ համալսարանականները Ազատության հրապարակից ջահերով քայլեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու միացան հայության այն մեծ խմբին, ովքեր տարիներ շարունակ ապրիլի 23-ը օգտագործում են որպես մի առիթ իրենց ձայնն ու կարծիքը լսելի դարձնելու համար։

 

Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Աբրահամյանը նշեց, որ իր համար այս նախաձեռնությունը փոքրիկ քայլ է «ցեղասպանություն» երևույթը մոռացության չտալու հարցում. «15 տարի առաջ ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ ջահերով երթը համահայկական բնույթ է կրելու։ Եռագույնն ու դատապարտման պաստառները ձեռքերին՝ ազգային երգերի ուղեկցությամբ հաճախ վառվող ջահերով ու բողոքի անդադար վանկարկումներով այսօր նաև աշխարհի շատ երկրներում կարող ենք տեսնել երիտասարդների, որոնցից շատերն օտարության մեջ են ծնվել»։

 

Նշենք նաև, որ վաղը՝ ապրիլի 24-ին, վաղ առավոտյան Մայր բուհի ղեկավարությունը, ուսանողությունն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ավանդույթի համաձայն, կայցելեն Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելու հուշարձանի մոտ` ի հիշատակ անմեղ նահատակների:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՐՈՇ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ
Երևանի պետական համալսարանն աշխարհի տարբեր բուհերի հետ ունեցած համագործակցության շնորհիվ իր ուսանողներին հնարավորություն է տալիս սովորելու արտերկրում։ Այս տարի նրանցից շատերն ականատես եղան տոնական հրաշքին տնից ու Հայաստանից հեռու։
ysu.am-ը զրուցել է արտերկրի բուհերում սովորող հայ ուսանողների հետ, իմացել, թե ինչպես նշեցին տարեմուտը։
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՏՈՆԵԼՈՒ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵՊՀ-ՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Երկրի մշակույթին ծանոթանալու լավագույն ձևը նրա տոներին մասնակցելն է։ Ինչպես հայտնի է, ԵՊՀ-ն համագործակցում է աշխարհի տարբեր բուհերի հետ ու հնարավորություն տալիս արտասահմանցի ուսանողներին ուսանելու այստեղ։ Այս տարի նրանք հնարավորություն ունեն ականատես լինելու տոնական հրաշքին հենց Երևանում։ ysu.am-ը զրուցել է արտասահմանցի ուսանողների հետ, պարզել, թե ինչ կարծիք ունեն նրանք Հայաստանի տոնական մթնոլորտի մասին և թե ինչպես են պատրաստվում նշել Նոր տարին։