ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, ամառային դպրոցի ղեկավար պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը, ողջունելով բանախոսին, ընդգծեց դասախոսության թեմայի կարևորությունն ունկնդիրների համար և շնորհակալություն հայտնեց Վահե Գևորգյանին ամառային դպրոցի մասնակիցների համար դասախոսությամբ հանդես գալու համար։
Դասախոսության շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականն անդրադարձավ ԵԱՀԿ-ի գործունեության առանձնահատկություններին, ինչպես նաև Արցախյան հիմնախնդրի կարգավորման նպատակով Մինսկի խմբի ձևավորմանը և հետագա աշխատանքներին:
Բանախոսը խոսեց ԵԱՀԿ շրջանակում իրականացվող մշտադիտարկման մեխանիզմների մասին՝ նշելով դրանց առանձնահատկությունները։
Պարոն Գևորգյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց Արցախյան հիմնահարցի նկատմամբ ԵԱՀԿ շրջանակում Ադրբեջանի քաղաքականության և Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վրա։
Քննարկման ընթացքում առանձին անդրադարձ կատարվեց վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը և դրա շուրջ ծավալված զարգացումներին։
Դասախոսության ավարտից հետո Վահե Գևորգյանը պատասխանեց առցանց դասախոսության մասնակիցների հարցերին։
Հարկ է հիշեցնել, որ ամառային դպրոցը, որը մեկնարկել է հուլիսի 15-ին, գործում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և ՀՀ ԱԳՆ-ի միջև հաստատված համագործակցության շրջանակում: