12.10.2011 | 
Կրթություն
ՀԱՂԹԵՑ ԱՊԱԳԱ ՊՐՈԴՅՈՒՍԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
ՀԱՂԹԵՑ ԱՊԱԳԱ ՊՐՈԴՅՈՒՍԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
Բիզնես խաղ-մրցույթին մասնակցում էին ԵՊՀ 4 ֆակուլտետների մի խումբ ուսանողներ:

Տնտեսագիտության, սոցիոլոգիայի, միջազգային հարաբերությունների եւ իրավագիտության ֆակուլտետների ուսանողներից կազմված 4 թիմեր` «Love Store» (սիրահարների համար մասնագիտական խանութ), «Kaldi» (սրճարան), «Little-mittle People» (նախաուսումնական հաստատություն) եւ «New Tomorrow» (պրոդյուսերական կենտրոն), երեկ մասնակցում էին Տնտեսագիտության ֆակուլտետում արդեն ավանդական դարձած միջֆակուլտետային բիզնես խաղ-մրցույթին: Խաղին ներկա էին ոչ միայն ուսանողներ, այլեւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Ինչպես նշեց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ եւ միջոցառման ժյուրիի անդամ Աշխեն Մինասյանը, նմանօրինակ բիզնես խաղ-մրցույթի հիմնական նպատակն է միեւնույն թիմում համախմբելով ապագա տնտեսագետների, իրավաբանների, սոցիոլոգների եւ միջազգայնագետների` տեսնել, թե ինչպիսի բիզնես նախագիծ կարելի է ստեղծել:

 

«Մրցակցությունն ընթանում է ոչ թե ֆակուլտետների, այլ 4 տարբեր ֆակուլտետների ուսանողներից բաղկացած թիմերի միջեւ: Մասնակից թիմերն ընտրում են բիզնեսի որոշակի ոլորտ եւ հստակ ծրագիր են ներկայացնում 3 փուլերից բաղկացած խաղ-մրցույթի ժամանակ»,- հավելեց Աշխեն Մինասյանը: Բիզնես խաղին մասնակցող 4 թիմերը 1-ին փուլում նախ ներկայացրին իրենց ընկերության լոգոն ու գործունեության նպատակները: 2-րդ փուլում թիմերն արդեն առաջ քաշեցին իրենց բիզնես նախագծերը` քննարկելով բիզնեսի համար ստեղծված իրավական եւ տնտեսական նախադրյալները, իսկ 3 փուլում ներկայացվեցին թիմերի ջանքերով ստեղծված գովազդային հոլովակները:

 

Խաղի ժյուրին, որ բաղկացած էր 4 հիմնական անդամներից (հանդիսատեսն էլ ուներ ժյուրիի 5-րդ անդամի կարգավիճակ), Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի նախագահությամբ հաղթող ճանաչեց «New Tomorrow» պրոդյուսերական կենտրոնը ներկայացնող թիմին, որի ներկայացուցիչները ստացան խրախուսական պատվոգրեր ու շնորհակալագրեր:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։