05.05.2007 | 
Մշակույթ
ԵՊՀ-Ն ԱՅԼԵՎՍ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ
ԵՊՀ-Ն ԱՅԼԵՎՍ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ
Մայիսի 5-ին ավարտվեց «Մենք կարդում, խոսում եւ երգում ենք ռուսերեն» չորրորդ միջբուհական մրցույթը:

Արդեն ավանդական դարձած մրցույթը կազմակերպում են «Սլավոնական տուն» հասարակական կազմակերպությունն ու Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանը` Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աջակցությամբ: Այս տարի մրցույթը ընդգրկված էր Հայաստանում ռուսաց լեզվի տարվան նվիրված միջոցառումների շարքում:

Մրցույթին մասնակցում էին 24 համալսարաններ, որոնք հնարավություն ունեին ուսանողներ ներկայացնել 3 անվանակարգերում` երգ, ասմունք եւ թատերական բեմադրություն:

«Ընտրվելու են 16 մասնակիցներ, ովքեր այս ամսվա վերջին կգնան Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ երկրների միջեւ կազմակերպված մրցույթին: Այնտեղ էլ կորոշվի հաղթող երկիրը»,- տեղեկացրեց մրցույթի կազմակերպիչներից մեկը` Նոնա Գուստովան:

ԵՊՀ-ն այս տարի մասնակիցներ ուներ միայն ասմունքի եւ երգի անվանակարգերում: Ս. Եսենինի «Мне грустно на тебя смотреть» ստեղծագործությունը ներկայացրեց ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Արմինե Հաջաթյանը, իսկ ԵՊՀ երգչախմբի անդամ, Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնի ուսանողուհի Ռոզա Այվազյանը երգեց «Небо-это я» երգը:

ԵՊՀ մշակույթի կենտրոնը մրցույթին մասնակցելու հայտը ստանալուն պես սկսել էր լուրջ պատրաստվել : Կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը հավաստիացնում է, որ մասնակիցներից յուրաքանչյուրի հետ երկար ժամանակ աշխատել են` ուշադրություն դարձնելով անգամ ամենաաննշան մանրուքներին:

ԵՊՀ-ն մրցույթին գնացել է մեծ ոգեւորությամբ, վերադարձել` հիասթափված եւ հստակ որոշումով` այլեւս չմասնակցել:

«Թե ռեկտորը եւ թե ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանը ինձ տեղեկացրին, որ անցած տարիներին համալսարանականները այս մրցույթից վերադարձել են հիասթափված` վստահ լինելով, որ կազմակերպիչները կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերում: Մշակույթի կենտրոնը նոր է ստեղծվել, եւ ես որոշեցի, որ ավելի ճիշտ կլինի լուրջ պատրաստվել եւ եւս մեկ անգամ փորձել: Իզուր»:

Մրցույթին ներկա համալսարանականներն ու ԵՊՀ մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները վստահեցնում են, որ մրցույթը խիստ անկազմակերպ էր ու ակնհայտ կողմնակալությամբ:

Կարինե Դավթյանը նշում է, որ մրցույթին ներկա չեղողներն էլ կարող են համոզվել: Բավական է նշել, որ ասմունքի անվանակարգում հաղթել է Սանկտ-Պետերբուրգի տնտեսության եւ իրավունքի միջտնտեսական հարաբերությունների ինստիտուտի Երեւանյան մասնաճյուղը: Ստեղծագործությունը ներկայացնում էր 8 հոգուց բաղկացած խումբ, իսկ ելույթը ձգվեց մինչեւ 10 րոպե, այնինչ մրցույթի չափանիշների թվում հստակ նշված է, որ ասմունքի անվանակարգին մասնակցել կարող է մեկ ուսանող, իսկ ելույթը չպետք է գերազանցի 3 րոպեն: ԵՊՀ-ն մրցույթից իր հետ բերել է մասնակցության հավաստագիր, մի գիրք եւ մի փոքրիկ հուշանվեր:

Այլ նորություններ
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ»-Ը՝ ԲՈՀԵՄ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ
Հոկտեմբերի 7-ին «Բոհեմ» թատրոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնը «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում ներկայացրեց Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ը:
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: