12.05.2007 | 
Կրթություն
«ՀՆԵՐԸ» ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ «ՆՈՐԵՐԻՆ»
«ՀՆԵՐԸ» ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ «ՆՈՐԵՐԻՆ»
«Բեմի մի կողմից բարձրանում եք, մյուսից` իջնում եւ «հարստացած» զբաղեցնում ձեր տեղերը»:

Հումորով ասված այս տեխնիկական հրահանգը վերաբերում էր ուսանողներին, ովքեր մայիսի 11-ին հավաքվել էին Երեւանի պետական համալսարանի մեծ դահլիճում: Հայ օգնության ֆոնդը դրամաշնորհ էր նախատեսել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բուհերի 100 լավագույն ուսանողների համար:

ՀՕՖ-ի իրականացրած կրթական բարեգործական ծրագրերից մեկը` «Կրթական դրամաշնորհ» կոչվող ծրագիրը, իրականացվում է ԵՊՀ շրջանավարտ Աշոտ Հայրապետյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ: Վերջինս 1996-99թթ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, այնուհետեւ մեկնել ԱՄՆ` ուսումը շարունակելու: 1999-ին Աշոտ Հայրապետյանը մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի մի կազմակերպության հայտարարած նմանատիպ մրցույթին եւ հաղթել:

«Տարիներ հետո, ահա, հենց Աշոտ Հայրապետյանն է մեր ուսանողների համար նման մրցույթ նախաձեռնում: Հուսանք, որ այսօր մրցանակի արժանացած ուսանողները տարիներ հետո իրենք կսատարեն երիտասարդներին, ուսանողներին»,- ասաց ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ մրցույթին հայտ է ներկայացրել 650 ուսանող: Նրանք հարցաթերթիկ են լրացրել, իրենց մասնագիտության եւ ապագայի մասին շարադրություն են գրել, հետո մասնակցել են հարցազրույցին: «Հաղթողներն, իրոք, տաղանդավոր ուսանողներ են. բոլորի միջին գնահատականը 4,5-ից ավելի է: Կան հանրապետական եւ միջազգային օլիմպիադաների բազում հաղթողներ, 5-6 գիտական հոդվածներ ունեցող ուսանողներ,- ասաց ծրագրի հեղինակ Աշոտ Հայրապետյանը:- Այսքանով ծրագիրը չի ավարտվի, եւ մենք նախատեսում ենք հաղթող ուսանողների հետ պարբերական հանդիպումներ կազմակերպել»: 

Մրցույթի հաղթող են ճանաչվել 45 ուսանողներ ԵՊՀ-ից, 15-ը` ԵրՊՏՀ-ից, 15-ը` Արցախի պետական համալսարանից, 12-ը` ՀՊՃՀ-ից, 4-ը` Ռուս-հայկական (Սլավոնական) եւ 4-ը` Գավառի պետական համալսարաններից, 3-ը` Երեւանի պետական մանկավարժական համալսարանից, 1-ը` ԵրՃՇՊՀ-ից եւ 1 ուսանող ՀՊՃՀ-ի Գյումրու մասնաճյուղից: 

«Շատ ուրախ եմ... Բայց ուրախ եմ ոչ այնքան դրամական պարգեւի (50 հազար դրամ), որքան այն բանի, որ իմ աշխատանքը, ձգտումները եւ նպատակները կիսում են այլ մարդիկ, օգնում են ինձ: Բացի այն, որ գերազանցիկ եմ, նաեւ օլիմպիադայի հաղթող եմ, “Երիտասարդ տնտեսագետ” պարբերականի գլխավոր խմբագիրն եմ եւ ուսխորհրդի անդամ»,- ասաց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի հաղթողներից մեկը` Տիգրան Աբովյանը: 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը վստահ է, որ բարեգործությունը մեր երկիր թեեւ դանդաղ, բայց հաստատուն քայլերով է մուտք գործում: «ՀՕՖ-ի հետ ԵՊՀ-ի համագործակցությունը արդեն երկար պատմություն ունի: Բայց խնդիրը միայն նյութական օժանդակությունը չէ: Երեւույթը շատ կարեւոր է, քանի որ գնահատվում է մարդու ձիրքը, կարողությունը, աշխատելու ունակությունը»,- նկատեց ԵՊՀ ռեկտորը:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: