26.02.2020 | 
Քաղաքականություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑ ԵՎ ՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷԻՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑ ԵՎ ՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ  ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷԻՆ
Մասնագիտական կողմնորոշման նպատակով Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներն այսօր այցելել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ:

Հանդիպումը կազմակերպվել էր Մինչհամալսարանական կրթության վարչության ու ֆակուլտետի նախաձեռնությամբ:

Հանդիպմանը ներկա էին Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը, ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Վահագն Ալթունյանը:

Վահրամ Դումանյանը, ողջունելով աշակերտներին, առաջարկեց խոսել նրանց հետաքրքրող հարցերից:

Թիվ 139 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ալվարդ Խաչանյանը նախ նշեց, որ նմանաբնույթ հանդիպումները նպաստում են աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, ապա ներկայացրեց նրանց հուզող հարցերը. «Այստեղ ներկա են այն աշակերտները, որոնց մասնագիտական հոսքի ուղղվածությունը դեպի ծրագրավորումն է: Նրանց ավելի շատ հուզում է այն հարցը, թե հայաստանյան որ բուհն է ծրագրավորման ոլորտում ավելի շատ գործնական գիտելիքներ տալիս, որ բուհը միջազգային մասշտաբով ոլորտում առավելություններ ունի, ինչպես նաև ընդունելության հետ կապված որոշ հարցեր»:

Վահրամ Դումանյանը, խոսելով ֆակուլտետի տված կրթության առանձնահատկությունների մասին, նշեց, որ իրենք հիմնականում տալիս են դասական կրթություն. «Մենք սովորեցնում ենք ոչ թե ծրագրավորման լեզու, այլ թե ինչպես է ստեղծվում ծրագրավորման լեզուն: Մեր շրջանավարտները հետագայում իրենց բազային տեսական գիտելիքների հիման վրա լրացնում են գործնական մասը ու սկսում կիրառել, քանի որ ՏՏ ոլորտի յուրաքանչյուր ընկերություն ունի իր գործիքակազմը»:

Ինչ վերաբերում է միջազգային ասպարեզում ճանաչելիության հարցին, դեկանը նշեց, որ ԵՊՀ-ն այդ խնդիրը չունի. «Արդեն երկար տարիներ է՝ մենք մասնակցում ենք միջազգային ծրագրավորման մրցույթներին, և պետք է նշեմ, որ բավականին երկար ժամանակ ԵՊՀ-ն հայաստանյան մասշտաբով առաջատարն է»:

 

Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրեց աշակերտներին, որ ֆակուլտետում կան օլիմպիական խմբակներ, և ցանկացողները կարող են մասնակցել. «Մենք շատ ենք կարևորում այդ խմբակները, քանի որ դրանք հիանալի հարթակ են ինքնադրսևորվելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու համար»:

 

Ծանոթանալով  ֆակուլտետի գործունեությանը և բակալավրիատի ծրագրին՝ Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի 11-րդ դասարանի տնտեսագիտական հոսքի աշակերտուհի Ջուլիետա Գևորգյանը նշեց. «Ես հետաքրքրված եմ «Մաթեմատիկա» առարկայով և վստահ եմ, որ գիտելիքները խորացնելու և լավ մասնագետ դառնալու համար պետք է ընտրեմ հենց այս ֆակուլտետը»:

 

                                                                                                                                                                  Անգին Խաչատրյան

 

 

     

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով՝ ԵՊՀ գիտական խորհուրդը ընդունում է հետևյալ հայտարարությունը.
ՀԱՅՏՆԻ Է ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԻ 8-ՐԴ ԱՆԴԱՄԸ. ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության երկրորդ փուլը: