18.02.2021 | 
Կրթություն
«ԿՅԱՆՔԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է»․ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
«ԿՅԱՆՔԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է»․ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Մասնագիտական կողմնորոշման նպատակով այսօր Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ էին այցելել Երևանի 105 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները։

Այցը կազմակերպել էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը։


Փոխտնօրենի և դասղեկի ուղեկցությամբ համալսարան եկած աշակերտներին դիմավորեցին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանն ու Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը։


Հայկ Սարգսյանը ողջունեց դպրոցականներին և կարճ ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքն ու գործունեությունը։ Նա նշեց, որ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն այսօր ոչ միայն բուհում, այլև երկրում առաջամարտիկ ֆակուլտետներից է։ Այդ մասին են վկայում ընդունելության համար անհրաժեշտ բարձր միավորներն ու հետագայում շրջանավարտների պատշաճ աշխատանք գտնելը։

 


«Մեր ֆակուլտետի ամենալավ շրջանավարտներից շատերն այսօր պետական և կառավարման մարմիններում բարձր պաշտոններ են զբաղեցնում, ունեն հաջողված բիզնես նախագծեր և գտել են իրենց տեղն աշխատաշուկայում»,- նշեց դեկանը։


Ողջույնի խոսքերից հետո տնտեսագիտական հոսքի աշակերտների համար տնտեսական մրցակցության մասին դասախոսություն կարդաց ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչը։ Նա պետության կայացման գործում կարևորեց տնտեսական առողջ մրցակցությունը։


«Կյանքը մրցակցություն է։ Ամեն տեղ ու ամեն ոլորտում գոյություն ունի մրցակցություն։ Տնտեսությունը մրցակցության ամենալայն դաշտերից մեկն է»,- ասաց Կ․ Խաչատրյանը։


Նա աշակերտներին պատմեց, թե ինչպես է տնտեսական մրցակցությունն ազդում ապրանքաշուկայի գների տատանման և որակի փոփոխության վրա։

 

Ամբիոնի վարիչը խոսեց նաև մենաշնորհների, դրանց բացասական հետևանքի և պետության անհրաժեշտ միջամտության մասին՝ օրինակ բերելով Ռոքֆելլերների ընտանիքը։

 


Ինտերակտիվ դասախոսության միջոցով աշակերտներն իմացան, թե ինչպես է աշխատում տնտեսական աշխատաշուկան, ինչ է առողջ մրցակցությունը, ու ինչպես պետք է պետությունը խթանի այն։


Դասախոսության վերջում Կառլեն Խաչատրյանը պատասխանեց ներկաների հարցերին։

Այլ նորություններ
«ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԴԵՌԵՎՍ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՌՀԱՎԱՏՉՅԱ ՉԷ: ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ԿԱՄ ՀԱՆՈՒՆ ԴԻՊԼՈՄԻ». ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Ալեքսանդր Հայրապետյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Խորը ուսուցման ոլորտում մասնագիտացող Ալեքսանդրի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, գիտական հետաքրքրությունների շրջանակի, կրթության և ֆիզիկայի բնագավառի հիմնախնդիրների և դրանց լուծման եղանակների մասին:
ԱՐԻ՛ ԵՊՀ. «EXPO-2021»-Ը ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում ու ինստիտուտներում մարտի 1-5-ն իրականացվում են իրազեկող առցանց հանդիպումներ: Այսօր նմանաբնույթ դասընթաց է անցկացվել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: