10.09.2021 | 
ԵՊՀ-Ն ՆՊԱՍՏՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՏՈՒՄ ԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆԸ
ԵՊՀ-Ն ՆՊԱՍՏՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՏՈՒՄ ԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆԸ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության և «Վորլդ Վիժն Հայաստանի» կողմից այսօր կազմակերպվել էր այցելություն Երևանի պետական համալսարան՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով:

Նշենք, որ Մինչհամալսարանական կրթության վարչության կողմից պարբերաբար կազմակերպվող ԵՊՀ հյուրընկալությունների և դպրոցներ այցելությունների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ:

 

Պատերազմի հետևանքով կորուստներ ունեցած աշակերտները, որոնք ժամանել էին Վարդենիսից, նախ այցելեցին ԵՊՀ Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարան, որտեղ թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը պատմեց Հայաստանի առաջին բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծման պատմությունը և ներկայացրեց նրա ավելի քան մեկդարյա կրթական ու գիտական նվաճումները։

Տիկին Գասպարյանը թանգարանի նմուշների միջոցով աշակերտներին ցույց տվեց համալսարանի հիմնադրման հրամանը և մանրամասն ներկայացրեց Հայաստանում բուհ ունենալու գաղափարի իրագործման ու զարգացման պատմությունը, առաջին շենքն ու առաջին դասացուցակը։

 

Թանգարանի տնօրենը խոսեց նաև հանրաճանաչ համալսարանականների մասին:

Դպրոցականների հետ հանդիպումը շարունակվեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որտեղ ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանն աշակերտներին պատմեց ֆակուլտետի հիմնադրման, առկա մասնագիտությունների ու ավարտելուց հետո աշխատաշուկայում դրանց ընձեռած հնարավորությունների մասին:

 

Այնուհետև աշակերտները հնարավորություն ունեցան այցելելու ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ:

Ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը նրանց ներկայացրեց ֆակուլտետի անցած ուղին և գրանցած հաջողությունները:

Հանդիպման վերջում աշակերտներն այցելեցին նաև լաբորատորիաներ և իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին մասնագետներին: