Ողջունելով նախարարների այցը` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ վերջին տարիներին համալսարանի ու հայոց բանակի համագործակցությունն ավելի է սերտացել: «Երեւանի պետական համալսարանում շատ լավ են հասկանում ու կարեւորում զինված ուժերի նշանակությունը մեր երկրի ամրապնդման ու մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում»,- ասաց ԵՊՀ ռեկտորը: Տարեցտարի ավելի է ամրապնդվում բանակ-բուհ կապը, ինչի վառ ապացույցն է մեկ ամիս առաջ ՀՀ պաշտպանության նախարարության եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ ստորագրված համագործակցության նոր համաձայնագիրը: Կրթության ու գիտության ոլորտը համակարգող նախարարն էլ իր խոսքում Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի առանցքային դրույթներ համարեց պաշտպանության ու կրթության ոլորտները:
Այս երկու համակարգերը, նախարար Աշոտյանի բնորոշմամբ, մեր երկրի ազգային անվտանգության ներքին եւ արտաքին պատերն են: ՀՀ զինված ուժերում մտավոր եւ գիտական ներուժի անհրաժեշտությունը շեշտադրելով` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթը սկսեց հայոց ազգային բանակի կազմավորման 5 փուլերի համառոտ նկարագրմամբ: Այս համատեքստում գեներալ Օհանյանն առանձնահատուկ կարեւորեց Արցախյան ազատամարտում Երեւանի պետական համալսարանի դերն ու նշանակությունը. «Գիտելիքներով օժտված մարդիկ Արցախյան գոյապայքարում առաջամարտիկներն էին, եւ նրանցից շատերն այսօր շարունակում են ծառայել ՀՀ զինված ուժերում»: Բանակի զարգացմանը, բարեփոխումներին եւ երկրի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցերին անդրադառնալուց հետո պաշտպանության նախարարը պատասխանեց համալսարանականների հարցերին:
Հանդիպման ավարտին բանակ-հասարակություն կապի ամրապնդման եւ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ներդրման համար մի շարք համալսարանականներ պարգեւատրվեցին պատվոգրերով ու հուշանվերներով: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ պաշտպանության նախարարին հանձնեց ԵՊՀ ոսկեզօծ մեդալը, իսկ նախարարության աշխատակիցներին պարգեւատրեց բրոզե մեդալներով ու պատվոգրերով: