14.12.2010 | 
Ուսանողական, Կրթություն
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ» ՄՐՑՈՒՅԹԸ
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ» ՄՐՑՈՒՅԹԸ
Արիել համալսարանի կողմից կազմակերպված մաթեմատիկայի միջազգային օն-լայն օլիմպիադայի հաղթողի կոչման համար պայքարում են նաեւ համալսարանականները:

Իսրայելի Արիել համալսարանի կողմից կազմակերպվող մաթեմատիկայի միջազգային ուսանողական օն-լայն օլիմպիադային ԵՊՀ ուսանողները վաղուց են մասնակցում: Անհատական պայքարում համալսարանականները տարբեր կարգի մրցանակներ են ստացել, ուսանողներից մեկը նույնիսկ բացարձակ հաղթողի կոչմանն է արժանացել:

 

Այսօր օլիմպիադայի խմբային մրցույթն էր: Առաջին անգամ այս ձեւաչափով անցկացվող օլիմպիադային մասնակցելու համար ԵՊՀ-ից գրանցվել էր 3 թիմ, յուրաքանչյուրում` 4 հոգի:

 

«Մրցույթին ուսանողների մասնակցությունը ֆակուլտետի կողմից չի իրականացվում. ըստ մրցույթի կանոնների` ուսանողներն իրենք են օն-լայն գրանցվում: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիմերն անհատական համակարգչի կարիք կարող են ունենալ, ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ապահովել է օլիմպիադայի համար անհրաժեշտ ռեսուրսները»,- պարզաբանում է Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար Անուշ Մարտիրոսյանը: Օլիմպիադայի ընթացքում համացանցի միջոցով խմբերից յուրաքանչյուրին անհատական առաջադրանք էր ուղղվում: Ընդհանուր առմամբ մասնակիցները պետք է լուծեին 8 խնդիր: Դրանցից յուրաքանչյուրի համար թիմին տրվում էր սահմանված ժամանակ: Ըստ օլիմպիադայի ձեւաչափի` ուսանողները պետք է հատկացված ժամանակահատվածում գտնեին պատասխանը, այն մուտքագրեին դրա համար նախատեսված հատվածում եւ նոր միայն հաջորդ խնդիրը լուծելու հնարավորություն էին ստանում:

 

«Մեր թիմում բոլորս էլ առաջին կուրսի ուսանողներ ենք ու գիտակցում ենք, որ բոլոր խնդիրները լուծել չենք կարողանա, սակայն մասնակցում ենք, որովհետեւ սա փորձ ձեռք բերելու հրաշալի միջոց է»,- օլիմպիադայից առաջ նշեց ամենաերիտասարդ թիմի անդամ Ներսես Սրապիոնյանը: Հաղթանակի կամ պարտության մասին առայժմ մասնակիցները կարող են միայն ենթադրություններ անել: Օլիմպիադայի վերջնական արդյունքները պարզ կդառնան միայն դեկտեմբերի 26-ից հետո:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։