29.03.2007 | 
Հասարակություն
ԳՆԱՀԱՏՎԵՑ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ
ԳՆԱՀԱՏՎԵՑ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գառնիկ Անանյանը միջազգային պարգեւ է ստացել:

Հայաստանում ժուռնալիստիկայի ոլորտում ունեցած ներդրման եւ այդ ասպարեզում կրթությունը միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան կազմակերպելու համար ԱՄՆ-ի ժուռնալիստների միջազգային կենտրոնի պարգեւը մեծ անակնկալ էր դեկանի համար:

«Շնորհիվ իր բացառիկ եւ անխոնջ աշխատանքի` Գառնիկ Անանյանը անգնահատելի ներդրում ունի Հայաստանում ժուռնալիստիկա մասնագիտության զարգացման գործում», - ասում է Ժուռնալիստիկայի միջազգային կենտրոնի տնօրեն Ջոյս Բորնատան:

«Ես կարող եմ միայն կռահել, թե Ամերիկայում ինչպես են իմացել իմ մասին: Մեր ֆակուլտետում գործում է Ժուռնալիստիկայի հայկական դպրոց, ուր հիմնականում ամերիկյան մասնագետներ են դասավանդում: Ըստ երեւույթին` հենց իրենք են «լուրը տեղ հասցրել»», - նկատեց պարոն Անանյանը:

Պարզվում է` ֆակուլտետ հրավիրվող արտասահմանցի դասախոսները անչափ գոհ են մնում մեր մագիստրոսներից: Նրանք ասում են, որ ոչ մի երկրում այսպիսի եռանդ ու նվիրում ցուցաբերող ուսանողների չեն հանդիպել:

Այն հարցին, թե որոնք են ժուռնալիստական կրթության միջազգային չափանիշները, պարոն Անանյանն այսպես պատասխանեց. «Ես չգիտեմ` որեւէ մեկը այսպիսի չափանիշներ ընդունել է, թե ոչ, բայց կարող եմ ասել, թե բուհը ինչպես կարող է պատրաստել արդի պահանջներին համապատասխան մասնագետներ. ունենալ իրենց գործն իմացող եւ սիրող մասնագետներ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուսումնական պլան եւ ծրագրեր, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած ուսումնական բազա, ուսանողներին հաղորդել մասնագիտական գործնական հմտություններ, որոնք միշտ պետք է կիրառել ժուռնալիստական էթիկայի նորմերին համապատասխան: Այս ամենի առկայությունը ֆակուլտետում նպաստում է կրթությունը միջազգային չափանիշներին համապատասխան դարձնելու: Հատուկ ընդգծեմ, որ մայրենիի հետ միասին մենք կարեւորում ենք նաեւ օտար լեզվի իմացությունը»:

«Փաստորեն, այն, ինչ մենք տարիներ շարունակ մեր թիմով անում ենք, կոչվում է միջազգային չափանիշներին համապատասխան աշխատանք, - ասում է Գառնիկ Անանյանը: - Սա մեր ամբողջ կոլեկտիվի եւ մեր ուսանողների ջանասիրության գնահատականն է»:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԼԱՒԱԳՈՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԷՏ» ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Լավագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն արժանացել են պարգևների, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԵԴԻԱԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդն առաջին անգամ կազմակերպում է «Գարնանային մեդիադպրոց» մեկշաբաթյա ծրագիրը, որի նպատակն է դիմորդներին ծանոթացնել մասնագիտությանը, բուհին և ֆակուլտետին: