30.10.2019 | 
Կրթություն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր մեկնարկել է «Քրեակատարողական ընթացակարգի զարգացման հեռանկարները. Գերմանիա, Հայաստան, Վրաստան» թեմայով երկօրյա կլոր սեղան-քննարկումը:

Իրավագիտության ֆակուլտետի և Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի (DAAD) համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառման նպատակն է քննարկել քրեակատարողական օրենսդրության զարգացուման միտումներն ու քրեակատարողական օրենսգրքերի նոր նախագծերում ներառված նորամուծությունները:

 

Կլոր սեղան-քննարկմանը ներկա էին Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Լիանա Մարուքյանը, Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի կրիմինալոգիայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Յորգ Քինցիգը, ՀՀ-ում «DAAD»-ի դասախոս Դանիել Լեպետիտը, փորձագետներ Գերմանիայից և Վրաստանից, ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակող աշխատանքային խումբը, Ոստիկանության ակադեմիայի ներկայացուցիչներ, իրավաբան գիտնականներ, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողներ: 

 

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրին միջոցառման կազմակերպմանն աջակցելու, ինչպես նաև Թյուբինգենի համալսարանի պրոֆեսոր Յ. Քինցիգին հրավերն ընդունելու համար՝ Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Լիանա Մարուքյանն ասաց. «Միջոցառման թեման շատ կարևոր է, քանի որ այսօր ՀՀ-ում նույնպես տեղի են ունենում օրենսդրական բարեփոխումներ հենց քրեակատարողական համակարգում: Ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին ու նորամուծություններին ծանոթանալու, ինչու չէ նաև համաշխարհային զարգացման միտումները հետագայում Հայաստանում ներդնելու առումով շատ կարևոր է բոլորի ներկայությունը»:

 

Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ շատ ուրախ է նեղ մասնագիտական շրջանակում նմանաբնույթ քննարկման հնարավորության համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական դաշտի փոփոխությունների մեջ առաջնային տեղ է գրավում քրեակատարողական օրենսդրության կատարելագործումը. «Քրեակատարողական մեր նոր օրենսգիրքն արդեն շրջանառության մեջ է, և մեզ համար շատ հետաքրքիր կլինի ծանոթանալ Գերմանիայի ու Վրաստանի՝ այս ոլորտում ունեցած փորձին»:

 

 

Դեկանը հույս հայտնեց, որ այս երկու օրվա ընթացքում շատ օգտակար տեղեկատվություն է փոխանակվելու, որն իր դրական ազդեցությունն է ունենալու քրեակատարողական մեր նոր օրենսդրության վրա, ապա բոլորին արգասաբեր աշխատանք մաղթեց՝ նշելով, որ միջոցառման ձևաչափը շատ հետաքրքիր է, քանի որ փորձ է արվել մեկտեղելու տեսականն ու գործնականը, և զեկուցումներից հետո քննարկումներ են լինելու:

 

ՀՀ-ում «DAAD»-ի դասախոս Դանիել Լեպետիտը ողջունեց բոլորին, հատուկ շնորհակալություն հայտնեց Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին և հաջող աշխատանք մաղթեց:

 

Հայաստանի, Վրաստանի և Գերմանիայի գիտնականները հանդես եկան զեկուցումներով՝ խոսելով իրենց երկրներում քրեակատարողական ընթացակարգերի կարգավորման իրավական հիմքերի, անչափահասների կողմից ազատազրկման հետ կապված պատժի կրման առանձնահատկությունների, վերասոցիալականացման և դրա օրենսդրական կարգավորման մասին:

 

«ԳԴՀ-ում քրեակատարողական համակարգի զարգացման պատմական ակնարկը և վերջինիս իրավական կարգավորման շրջանակները» թեմայով զեկուցում կարդաց Թյուբինգենի համալսարանի կրիմինալոգիայի ինստիտուտի տնօրեն Յորգ Քինցիգը:

 

Վերջինս նախ խոսեց Կրիմինալոգիայի ինստիտուտի և այնտեղ կատարվող աշխատանքների մասին, մանրամասն ներկայացրեց Գերմանիայում քրեակատարողական համակարգի զարգացման պատմական ընթացքը՝ սկսած հին օրերից մինչև մեր ժամանակները, անդրադարձավ հնում տարածված ազատազրկման տեսակներին, առաջին քրեակատարողական հիմնարկների ստեղծմանը, հետագայում դրանց պայմանների բարելավմանն ուղղված բարեփոխումներին, ապա Գերմանիայում այսօր կատարվող իրավական կարգավորումներին:

 

Զեկուցումներից հետո տեղի ունեցան քննարկումներ, իսկ միջոցառման երկրորդ օրը նախատեսվում է հյուրերի այցն Արմավիրի քրեակատարողական հիմնարկ:

 

Հասմիկ Ասլանյան

 

 

Այլ նորություններ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑԵՐԸ ԵՎ ԵՊՀ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Երևանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտներին, իսկ Երևանի թիվ 190 դպրոցը՝ ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտներ Ռուբեն Մովսեսյանին և Հարություն Մովսիսյանին։
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ԽՈՍՈՒՄ Է ԱՅԴ ԵՐԿՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԱՍԻՆ»․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Մարդու իրավունքներ և սոցիալական աշխատանք» թեմայով դասախոսություն-քննարկում, որը կազմակերպել էր Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը՝ ի դեմս Լիանա Մկրտչյանի։