27.06.2008 | 
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԷՐ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԷՐ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում ապագա լրագրողների ու իրավաբանների հարցերին պատասխանեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանը:
Ողջունելով ուսանողների հետ կազմակերպված հանդիպումը` պարոն Կոստանյանը համառոտ ներկայացրեց Եվրոպական դատարանում քննվող «Ա1+» հեռուստաընկերության դատավճռի հիմնական դրույթները, դրա հետեւանքներին եւ իրավական հիմնավորումներին վերաբերող մի շարք մանրամասներ: «Դասական իմաստով «Ա1+»-ի խոսքի իրավունքը չի սահմանափակվել, քանի որ «Մելտեքս» ՍՊԸ-ն եւ նրա նախագահ Մեսրոպ Մովսեսյանը հնարավորություն են ունեցել տեղեկություն ստանալու, տարածելու եւ իրենց խոսքն ու տեսակետն արտահայտելու այլ միջոցների` թերթի հրապարակումերի, ինտերնետային կապի միջոցով»,- ասաց Գևորգ Կոստանյանը, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչն էր: Անդրադառնալով ԵԽԽՎ-ի կողմից ներկայացրած բանաձեւի նախագծին` փոխնախարարն հիշատակեց մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանի արտահայտած կարծիքը, ըստ որի` պետականորեն եւ գործնականում անմիջապես եթեր տրամադրելու հնրարավորություն չկա, քանի որ այն խախտում է ներկայիս հեռարձակողների իրավունքները եւ տեղեկացրեց, որ այս տեսակետն ընդունելի են համարել ԵԽԽՎ-ն ու մոնիտորինգի հանձնաժողովը: Ուսանողների հարցերին պատասխանելուց բացի, պարոն Կոստանյանը նաեւ հռետորական հարց հնչեցրեց. «Եթե իրենց համար կարեւորը զուտ բարոյական հաղթանակն էր, ապա ի՞նչն էր պատճառը, որ ՀՀ կառավարությունից պահանջում էին 1մլն 500 հազար դրամ գումար»: Հիշատակելով մամուլում վերջերս այս հարցի շուրջ հանդիպող երկակի եւ իրարամերժ մի շարք հրապարակումներ` փոխնախարարն ասաց, որ այս հանդիպումն ուսանողների համար հիանալի առիթ էր օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու առումով: