24.10.2008 | 
ԷՖԹԱՆԱԶԻԱ. ՍՊԱՆՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆ
ԷՖԹԱՆԱԶԻԱ. ՍՊԱՆՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ Պալեանների դահլիճում քննարկվեցին էֆթանազիայի հետ կապված մի շարք հարցեր:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եւ ԵՊԲՀ-ի ՈւԳԸ-ների կողմից կազմակերպված «Էֆթանազիա. Տեսական եւ գործնական հիմնախնդիրներ» թեմայով գիտաժողովը եզակի էր ոչ միայն իր բովանդակությամբ, այլեւ` միջբուհական համագործակցության առումով: Ուստի Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը ողջունեց նման նախաձեռնությունը եւ հավելեց. «Այս գիտաժողովը, անկախ արդյունքներից, արդեն հաջողված եմ համարում, քանի որ մասնակիցները նախատեսվածից շատ են, իսկ ոմանք էլ նույնիսկ ոտքի վրա կանգնած: Դա փաստում է, որ գիտաժողովի թեման լավ է ընտրված: Հուսով եմ` ԵՊՀ-ի եւ ԵՊԲՀ-ի միջեւ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի»: Բացման խոսքով հանդես եկավ Փիլիսոփայության գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ բիոէթիկայի եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, բիոէթիկայի գծով ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային փորձագետ Սուսաննա Դավթյանը: «Էֆթանազիան բիոէթիկայի ամենակարեւոր խնդիրներից է, որն այսօր ծառացել է մարդկության առջեւ: Այն ոչ միայն 21-րդ դարի խնդիր է: Այս երեւույթի շուրջ քննարկումներ են ծավալվել դեռեւս Դավիթ Անհաղթի եւ Մխիթար Գոշի ժամանակաշրջանում, որոնք փիլիսոփայության տեսանկյունից են վերլուծել էֆթանազիան».- նշեց Սուսաննա Դավթյանը: ՈւԳԸ նախագահները նույնպես ողջունեցին գիտաժողովի մասնակիցներին, որից հետո խոսափողը փոխանցեցին ուսանողներին: Վերջիններս բավականին հետաքրքիր զեկույցներ էին պատրաստել «Էֆթանազիա. մտածված սպանությու՞ն, թե՞ գթասրտություն», «Էֆթանազիայի հիմնախնդիրներն օրենսդրական ոլորտում», «Էֆթանազիային այլընտրանք», «Փաստարկներ էֆթանազիայի օրինականացման կողմ» թեմաներով: Զեկուցումներից հետո բուռն քննարկումներ ծավալվեցին կլինիկական մահի, Հայաստանի եւ արտասահմանյան երկրների օրենսդրական դաշտերի, էֆթանազիայի իրականացման ընթացակարգի, կենսաբանական եւ հոգեւոր կապի եւ այլ հարցերի շուրջ: Մասնակիցներից ոմանք կարծում էին, որ էֆթանազիան, անկախ հիվանդի ցանկությունից, սպանություն է, իսկ ոմանք էլ հավատացած էին, որ այն մահվան հիմնախնդիրների լուծման բժշկական նոր միջոց է: Հայ իրականության մեջ էֆթանազիայի վերաբերյալ վիճակագրական տվյալներ ստանալու համար մասնակիցները մինչ դահլիճ մտնելը հարցաթերթիկ էին լրացնում էֆթանազիայի կողմ կամ դեմ լինելուն: Նույն հարցաթերթիկը լրացվում էր նաեւ գիտաժողովի ավարտին: Այս տվյալները կօգնեն գնահատել նաեւ գիտաժողովի արդյունավետությունը: