01.12.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՄՐԱՊՆԴՎԵԼ ԴՊՐՈՑ-ԲՈՒՀ ԿԱՊԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՄՐԱՊՆԴՎԵԼ ԴՊՐՈՑ-ԲՈՒՀ ԿԱՊԸ
ԵՊՀ-ում տեղի ունեցավ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի նախաձեռնած «Մեդիաստեղծո՞ղ, թե՞ մեդիասպառող» խորագրով նախագծի ամփոփումը, որը կազմակերպվել էր ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտների համար՝ նպաստելու նրանց՝ մեդիագրագիտության ու մեդիայի գործիքների վերաբերյալ գիտելիքի ձևավորմանը։

Աշակերտները ծանոթացան համալսարանի, հատկապես ժուռնալիստիկայի ֆակուլտետի գործունեությանը, եղան ֆակուլտետի հեռուստա- և ռադիոստուդիաներում: ՀՀ դպրոցների 7-12-րդ դասարանների ավելի քան 120 աշակերտներ հնարավորություն ունեցան իրենց խոսքը ձայնագրելու պրոֆեսիոնալ ստուդիայում, ապա՝ նկարահանվելու հեռուստաստուդիայում: Նրանք ծանոթացան լրագրողի աշխատանքին, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Գալով ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահ՝ աշակերտները ներկայացրին թեմատիկ տաղավարներ, որոնք կազմված էին իրենց՝ մեդիային և մեդիագրագիտությանը վերաբերող նախագծերի հիման վրա:

 

 

ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ողջունելով աշակերտներին, հույս հայտնեց, որ նրանց այցելությունը ԵՊՀ կարևոր նշանակություն կունենա հետագայում՝ մասնագիտական կողմնորոշման ժամանակ: Պրոռեկտորը նշեց, որ արագ զարգացող աշխարհում տեղեկատվության հետ «ճիշտ վարվելու» ձևերին տիրապետելը մեր օրերում ամենակարևոր հմտություններից մեկն է:

 

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը, խոսելով նախագծի կարևորության և դրա շրջանակում կատարված աշխատանքների մասին, ասաց, որ աշակերտները ոչ միայն սովորեցին մեդիագրագիտություն, այլև ձեռք բերեցին հետազոտական աշխատանքներ ու ուսումնասիրություններ կատարելու, միմյանց հետ համագործակցելու և հաղորդակցվելու հմտություններ:

 

 

Հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանն ընդգծեց, որ պատահական չէ, որ «Մեդիաստեղծո՞ղ, թե՞ մեդիասպառող» նախագիծն ամփոփվում է հենց Երևանի պետական համալսարանում:

 

«Ակնկալում ենք, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցությունը շարունակական կլինի, հաջորդ փուլում աշակերտ-ուսանող կապը կընդլայնվի, և աշակերտները համատեղ նախագծեր կիրականացնեն»,- ասաց Լ. Մկրտչյանը:

Վարչության պետը հույս հայտնեց, որ աշակերտները մի քանի տարի անց մասնագիտական կրթություն կստանան և կլինեն Երևանի պետական համալսարանի ուսանողներ:

 

 

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ, մասնակցելով «Մեդիասպառո՞ղ, թե՞ մեդիաստեղծող» նախագծին, աշակերտները կարողացել են է՛լ ավելի զարգացնել մեդիայից օգտվելու իրենց հմտությունները, և ընդլայնվել է մեդիագրագիտության շրջանակը:

 

 

«Կարևոր է, որ թե՛ իբրև մեդիասպառող և թե՛ իբրև մեդիաստեղծող դուք մեդիագրագետ լինեք, իսկ մեդիագրագիտությունն անհրաժեշտ բովանդակությունը որոնելու, գտնելու, այն քննադատաբար վերլուծելու, գնահատելու հմտությունների ամբողջությունն է»,- դիմելով աշակերտներին՝ ասաց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը և հավելեց. «Համացանցի առկայությամբ մեծացել են տեղեկատվական հոսքերը, տարածվում է ահռելի ծավալով չճշտված և կեղծ տեղեկատվություն, և այս համատեքստում առավել քան կարևորվում են մեդիագրագիտությունը, ճիշտ և ստուգված աղբյուրներից օգտվելու հմտությունները»:

 

Նշենք, որ նախագծի մասնակից աշակերտները ուսումնասիրեցին, վերլուծեցին մեդիայի դերը և ազդեցությունը մարդու կյանքի վրա, նախագծային աշխատանքի միջոցով զարգացրին քննադատական մտածողությունը, որը հնարավորություն կտա վերլուծելու, գնահատելու համացանցի և մեդիայի արժանահավատ լինելը, զարգացնելու դրանցից օգտվելու հմտությունները:

 

Նախագծի շրջանակում դպրոցներում ստեղծվել են մեդիա ակումբներ՝ «Մեդիասպառո՞ղ, թե՞ մեդիաստեղծող» խորագրով: Ակումբն ընտրել և ուսումնասիրել է փաստերի ստուգման գործիքները և կեղծ լուրերը, մասնավորապես՝ ինչպես տարբերակել ու չտարածել դրանք:

 

Միջոցառման ավարտին աշակերտներին հանձնվեցին շնորհակալագրեր:

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: