24.10.2017 | 
Գիտություն
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԵՊՀ-ՈՒՄ
Աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկը համարվող «ՌՈՒՍԱԼ» ընկերությունը, որի կազմում է նաև փայլաթիթեղագլանման «ԱՐՄԵՆԱԼ» գործարանը, և Երևանի պետական համալսարանը կանցկացնեն «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտություն» խորագրով ինտերակտիվ գիտափառատոն:

Միջոցառումը տեղի կունենա 2017 թ. հոկտեմբերի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում, մուտքն ազատ է:

«ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտություն» ինտերակտիվ գիտական ցուցահանդեսը կներառի գործունեության տարբեր հատվածներ: «Գյուտարարություն» հատվածում մասնակիցների համար նախատեսվում է անցկացնել միկրոէլեկտրոնիկայի վերաբերյալ վարպետության դասեր: «Գիտություն» հատվածում կանցկացվեն տարաբնույթ փորձեր և ցուցադրություն, մասնակիցներին հնարավորություն կընձեռվի համտեսելու մոլեկուլային խոհանոցի խորտիկները: «Տեխնոլոգիաներ» հատվածում ինչպես ուսանողները, այնպես էլ աշակերտները կկարողանան խորասուզվել վիրտուալ իրականության մեջ, մտքի ուժով ղեկավարել առարկաները, եռաչափ գրիչների միջոցով կստեղծեն ծավալային կառուցվածքներ, իրենց սմարթֆոնները կդարձնեն մանրադիտակ և կվարեն գիրոսկուտերներ: «Ռոբոտաշինություն» հատվածում մասնակիցները կմրցեն ռոբոտների մրցավազքերում, ինչպես նաև բաց կթողնեն քվադրակոպտերներ:

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը և ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնը առանձին տաղավարով կներկայացնեն իրենց գործունեությունը:

Ցուցահանդեսում առանձին կներկայացվի նաև ալյումինի արտադրությունը: Գիտական շոուի (ներկայացման) ժամանակ մասնակիցները ներկա կլինեն տարատեսակ մետաղների ամենազարմանալի հատկությունները ցուցադրող փորձարկումներին (օրինակ՝ դանակով մետաղների մասնատում, մետաղների «լուծում» ջրում): Վարպետության դասի շրջանակում ներկաները կուսումնասիրեն էլեկտրոլիզի գործընթացը և քիմիական «նկարչության» միջոցով կկարողանան պատրաստել ալյումինե յուրօրինակ հուշանվեր:



Ցուցահանդեսի աշխատանքներին զուգահեռ՝ ԵՊՀ մեծ դահլիճում գիտական գործիչների կողմից կանցկացվեն դասախոսություններ և «Գիտություն 2.0» («Наука 2.0») հեռուստաալիքի գիտահանրամատչելի ֆիլմերի ցուցադրություններ: Ապագայի բժշկության մասին կպատմի բարձրակարգ բժիշկ-թերապևտ, լրագրող Ալեքսեյ Վոդովոզովը: Օգտակար մանրէների և բակտերիաների մասին դասախոսությամբ հանդես կգա Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում գործող մանրէաբանական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Անդրեյ Շեստակովը: Ալյումինի արտադրության տեխնոլոգիայի և վերամշակման մասին կպատմի տեխն. գիտ. թեկնածու, «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ի՝ տեխնոլոգիայի և որակի գծով տնօրեն Արտյոմ Անդրիասյանը: Փառատոնի հյուրերը կմասնակցեն նաև ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հայկ Իշխանյանի կողմից ներկայացվելիք «Հետաքրքրաշարժ գիտություն» խորագրով ինտերակտիվ դասախոսությանը:

Գիտական ցուցահանդեսը «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտություն» լայնամասշտաբ ծրագրի մի մասն է կազմում: Ցուցահանդեսից բացի՝ հոկտեմբերի 25-27-ը աշակերտների համար կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ՝ այցելություն փայլաթիթեղագլանման «ԱՐՄԵՆԱԼ» գործարան, ավագ դպրոցի աշակերտների համար «Ճարտարագետների գավաթ» խորագրով ինտելեկտուալ խաղ և «Տիեզերական գործակալություն» գիտախաղ:

Նշենք, որ գիտափառատոնը կազմակերպվում է ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության և ԵՊՀ ուսանողական խորհրդի աջակցությամբ:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ փառատոնի կայքում, ԵՊՀ ինտերնետային պորտալում և սոցիալական ցանցերում (facebook.com/rusalfestival, vk.com/rusal_festival):

Այլ նորություններ
ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄՆ ԱՄՓՈՓԵՑ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան գիտաժողովը:
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Դեկտեմբերի 7-8-ը ԵՊՀ-ում անցկացվեց Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը: