03.05.2022 | 
Կրթություն, Գիտություն
«ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ԳՐԱԲԱՐՅԱՆ ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆ Է ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ». ԱՆՆԱ ԱԲԱՋՅԱՆ
«ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ԳՐԱԲԱՐՅԱՆ ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆ Է ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ». ԱՆՆԱ ԱԲԱՋՅԱՆ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի պայմանագրային /թեմատիկ/ ֆինանսավորման մրցույթում հաղթել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի առաջադրած թեման՝ «Գրաբարը՝ որպես արդի արևելահայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր»:

Զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, ամբիոնի վարիչ,  բ. գ. դ., պրոֆ. Աննա Աբաջյանի հետ:  

 

«Գրաբարը՝ որպես արդի արևելահայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր» թեմայի շրջանակում հետազոտվելու է գրաբարի դերը 21-րդ դարում արդի արևելահայերենի բառապաշարի, հատկապես տերմինաշինության հարստացման գործընթացում. «Գրաբարյան բառապաշարը իր բառակազմական և իմաստաբանական հարուստ կաղապարներով մշտապես եղել է սնուցող աղբյուր լեզվի հաջորդող փուլերի համար. այժմ այդ աղբյուրի դերն առավել կարևորվում է, որովհետև շատ ավելի մեծ արագությամբ և ծավալով են նոր հասկացություններ առաջանում: Օտար բառերի և տերմինների հայերեն տարբերակների մշակման դարավոր ավանդույթը արդյունավետ հիմք է նոր հասկացությունների հայերեն համարժեքների որոնման և ստեղծման համար»,- ասաց Աննա Աբաջյանը:

 

 

Ա. Աբաջյանը նշեց, որ գիտական թեմայի հիմնանպատակը գրաբարյան բառակազմական կաղապարների, իմաստաբանության, դարձվածային միավորների դերի և ազդեցության բացահայտումն է արդի հայերենի բառապաշարի հարստացման մշտակա գործընթացում, զուգահեռաբար տերմինաշինության մեջ հաջողված գրաբարյան միավորների առանձնացումը, դրանց համաբանությամբ նոր եզրույթների ձևավորման գործընթացի կանոնակարգումը:

 

 «Նախատեսում ենք ուսումնասիրել դասական և հետդասական շրջանի ինքնուրույն և թարգմանական երկերը, մասնավորապես հունաբան թարգմանությունների տարբեր շրջաններին պատկանող գործերը, որովհետև հենց այս ուղղությանն ենք պարտական արդի հայոց տերմինաբանության հիմնադրման և զարգացման ուղղությունների համար: Աշխատանքի շնորհիվ ի մի է բերվելու այն բառային միավորների և եզրույթների համակարգը, որը կենսունակ է դարձել արդի արևելահայերենում»,-հավելեց պրոֆեսորը:

 

«Գրաբարը՝ որպես արդի արևելահայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր»  ուսումնասիրության ավարտուն արդյունքը կլինի արդի արևելահայերենում նոր իմաստ և նոր կիրառություն ձեռք բերած բառապաշարային միավորների, տարբեր ասպարեզների եզրույթների հնարավորինս ամփոփ շտեմարան-բառարանի (կորպուսի) ստեղծումը, որն էապես կարող է օգնել հայ ու օտարազգի տարբեր բնագավառների գիտնականներին, տերմինաշինությանը վերաբերող գիտական հետազոտություն կատարողներին, ուսանողներին, ինչպես նաև արդի շրջանում հայերենի բառապաշարի հարստացմանը:

 

Խմբի անդամներն են ամբիոնի վաստակաշատ դոցենտներ Նարինե Դիլբարյանը, Անահիտ Յուզբաշյանը և երիտասարդ դասախոս, բ.գ.թ. Սիրարփի Կարապետյանը:

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: