27.09.2022 | 
«ՎՍՏԱՀ ԵՄ՝ ՈՒԽ-Ն ԴԱՌՆԱԼՈՒ Է ԻՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍԸ»․ ԵՊՀ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻ
«ՎՍՏԱՀ ԵՄ՝ ՈՒԽ-Ն ԴԱՌՆԱԼՈՒ Է ԻՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍԸ»․ ԵՊՀ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻ
ԵՊՀ ուսխորհուրդն իրագործում է «Առաջինկուրսեցիների իրազեկում» ամենամյա ծրագիրը, որի հիմնական նպատակն է նոր ուսանողներին ծանոթացնել ԵՊՀ ուսխորհրդի և մյուս ստորաբաժանումների գործունեությանը:

ԵՊՀ ՈՒԽ փոխնախագահ Խաչիկ Աբաջյանը, անդրադառնալով ծրագրի կարևորությանը, ասաց. «Այս միջոցառման շրջանակում ներկայացնում ենք ՈՒԽ ընձեռած այն հնարավորությունները, որոնք օգնում են ուսանողներին համալսարանական առօրյան էլ ավելի հետաքրքիր և հագեցած դարձնելուն։ Համալսարանական կյանքը ներառում է ոչ միայն որակյալ կրթություն ստանալը, այլև ակտիվ ուսանողական կյանք ունենալը, ինչի երաշխավորներից է կառույցը»։

 

 

Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Մանե Խաչատրյանի խոսքով՝ նշյալ ծրագիրը ֆակուլտետի կիսամյակային պլանում ու գործունեության մեջ ամենակարևոր ու անկյունաքարային միջոցառումներից է:

 

 

 

«ՈՒԽ գործունեությանը ծանոթացնելուց զատ՝ ներկայացնում ենք նաև հիմնական նպատակները, որոնց համար ստեղծված է կառույցը, այն է՝ իրավունքների պաշտպանություն, միությունների, ակումբների ու կազմակերպությունների աշխատանքների ընդհանուր համակարգում, ուսանողների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ տեղեկատվության տարածում»,- ասաց Մ. Խաչատրյանը:

 

 

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Նանա Վիրաբյանը մեզ հետ զրույցում մատնանշեց բոլոր այն հնարավորությունները, որոնք կստանան ուսանողները՝ անդամակցելով ՈՒԽ-ին:

 

 

«Քանի որ ՈՒԽ-ն բազմաբովանդակ գործունեություն է ծավալում, ուսանողները, միանալով կառույցին, ձեռք կբերեն նոր հմտություններ, թիմի հետ աշխատելու փորձ, կզարգացնեն իրենց կարողությունները, ինչպես նաև կստեղծեն նոր կապեր, կունենան նոր ընկերներ, և սա միայն մի մասն է այն ամենի, ինչ կարող է տալ ուսանողներին ՈՒխ-ին անդամակցելը»,- ընդգծեց Ն. Վիրաբյանը:

 

 

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Էլեն Իսրայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեծ ցանկություն ունի անդամակցելու ֆակուլտետի ՈՒԽ-ին:

 

 

«Ես ցանկանում եմ դառնալ ՈՒԽ անդամ, ուստի այս ծրագիրը հնարավորություն է տալիս ծանոթանալու հանձնաժողովներին, որոնց շնորհիվ կկարողանամ հասկանալ՝ ինչն է համապատասխանում իմ նախասիրություններին՝ հետագայում ակտիվ գործունեություն ծավալելու համար։ Վստահ եմ՝ ՈՒԽ-ն դառնալու է իմ ուսանողական կյանքի անբաժանելի մասը»,- նշեց Է. Իսրայելյանը:

 

 

Իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Ռոբերտ Սարգսյանը, կարևորելով այս միջոցառումը հատկապես իրենց ֆակուլտետի համար, ասաց. «Մեր իրավունքներին ու պատրականություններին քաջատեղյակ լինելը անչափ կարևոր է բոլորիս, ի մասնավորի՝ ապագա իրավագետներիս համար»,- ասաց Ռ. Սարգսյանը:

 

 

Միջոցառման ավարտից հետո կազմակերպվեց հայտագրման փուլ, և ուսանողները հնարավորություն ստացան անդամագրվելու և միանալու կառույցին: