24.09.2009 | 
Քաղաքականություն
«ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ» ԵՊՀ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻՆ
«ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ» ԵՊՀ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻՆ
ԵՊՀ ռեկտորն ու համալսարանական պատվիրակությունն այցելեցին Գյումրի, որտեղ հիմնադրման սկզբում գործել է Մայր բուհը:

ԵՊՀ 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին ընդառաջ` սեպտեմբերի 24-ին Մայր բուհի պատվիրակությունը` ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ, հանրապետության երկրորդ քաղաքում էր: Գյումրին համալսարանականներին մեծ սիրով դիմավորեց: Շիրակի մարզպետարանում նրանց արդեն իսկ սպասում էին: Մարզպետ Լիդա Նանյանն իր ուրախությունն արտահայտեց այն բանի համար, որ հենց Գյումրին է եղել Մայր բուհի «ծննդավայրը»:

 

«Ցավում եմ, որ չկարողացանք վերանորոգել այդ շենքը, որը թե´ ճարտարապետական եւ թե´ պատմական մեծ նշանակություն ունի: Երեւանի պետական համալսարանը եղել է, կա ու կմնա` իբրեւ Մայր բուհ, իբրեւ առաջամարտիկ»,-նշեց Լիդա Նանյանը: Ռեկտորից, պրոռեկտորներից ու մի քանի ֆակուլտետների դեկաններից բաղկացած համալսարանական պատվիրակությանը միացավ նաեւ Մ. Նալբանդյանի անվան Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանն ու մարզպետի հետ միասին ուղեւորվեցին դեպի այդքան բաղձալի ու պատմական շենքը, որի մուտքի առջեւ ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ համալսարանական պատվիրակությունը դրեցին ծաղկեփունջը: Համալսարան հիմնադրելու որոշումից հետո` 1920 թվականի հունվարի 31-ին, հենց այս շենքում է տեղի ունեցել Հայաստանի համալսարանի հանդիսավոր բացման արարողությունը: Այս պատմական փաստն էր, թերեւս, որ ներկաներին հպարտության ու պատկառանքի զգացում էր ներշնչել:

 

Քանի որ այն ժամանակ Երեւանում չկային համապատասխան շենքային պայմաններ, որոշվեց, որ ԵՊՀ-ն պիտի գործի Գյումրիում (այն ժամանակ` Ալեքսանդրապոլ): Այստեղ` Առեւտրային ուսումնարանի շենքում, համալսարանի համար առանձնացվել էր 4 սենյակ, եւ 8 ամիս այստեղ են ուսանել ԵՊՀ առաջին ուսանողները: Այստեղ է հրատարակվել նաեւ «Հայաստանի համալսարան» թերթի անդրանիկ համարը, որտեղ նկարագրված են բացման արարողությունը, առաջին դասախոսությունների բովանդակությունը եւ այլն: «90-ամյակի մեծ միջոցառումների նախաշեմին մենք մեր պարտքն ենք համարել համալսարանական պատվիրակությամբ այցելել Գյումրի` այն շենքը, որտեղ գործել է ԵՊՀ-ն: Իսկ վերանորոգումից հետո, կարծում եմ, հնարավորություն կունենանք հուշատախտակ փակցնել դրա վրա»,-ասաց Արամ Սիմոնյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԽ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը՝ օրակարգային 5 հարցերով, որի ընթացքում ընտրվել են նախագահ և քարտուղար:
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1222-Ա որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 20 անդամից: