ԵՊՀ-ի, Հայաստանի գրողների միության ու Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի համատեղ կազմակերպած գիտաժողովի առաջին օրն անցավ համալսարանում, իսկ 2-րդ օրվա զեկուցումները կներկայացվեն Ծաղկաձորում` Գրողների ստեղծագործական տանը: Նմանօրինակ միջոցառում կազմակերպվում է արդեն 6-րդ անգամ:
Ինչպես նշում է Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը, նախկինում անդրադարձել են կոնկրետ հեղինակների, իսկ այս անգամ թեման ավելի ընդգրկուն է` դաշտն ավելի լավ տեսնելու համար: «Դասական գրականությանն ընթերցողը շատ թե քիչ ծանոթ է, իսկ ընթացիկ գրականությանը քիչ են առնչվում: Նպատակն է զրույց բացել, քննարկել, գնահատականներ ու պարզաբանումներ լսել: Շատ դժվար է գնահատել ժամանակակից գրականությունը, որովհետև այն ընթացքի մեջ է: Հետևաբար զեկույցները չեն կարող 100%-անոց պատասխաններ պարունակել, բայց որոշ երևույթներ, որոնք ընդհանրական են դարձել, կմեկնաբանվեն»,- ասում է Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը:
Գիտաժողովին մասնակցելու հայտ է ներկայացրել 40 հոգի. երկու օրերի ընթացքում կհնչի 22 զեկույց: Իրենք` մասնակիցներն էլ են կարծում, որ այսօրվա գրողների և նրանց ստեղծած գրականության սպառողների միջև բաց տարածություն է առաջացել: Ուստի նպատակներից մեկն էլ նոր ընթերցողներ գտնելն է. ի վերջո, գիտաժողովի դահլիճում ներկա էին ուսանողներ, ովքեր նոր են ծանոթանում արդի գրականությանը: Մեկ վայրում էին հավաքվել այն մարդիկ, ովքեր ևս ներգրավված են գրականության ստեղծման գործընթացում` գրականագետները, գրաքննադատները, ինչու չէ` նաև ընթերցողները:
«Հուսով եմ` կծավալվի իրական բանավեճ, բայց` ոչ այն բանավեճը, որն առկա է այսօրվա գրական մամուլում, և որը դառնում է հայհոյախոսություն: Ամեն բանախոս փորձում է իր հայհոյանքով ամփոփել բանավեճը: Ուզում եմ հավատալ, որ մեր երկօրյա քննարկումները տալու են և՛ մերօրյա արձակի պատկերը, և՛ մատնանշելու են հիմնախնդիրները, և՛ լուծումները»,- բացման խոսքում նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Կազմակերպիչների հավաստմամբ` առաջին օրը ներկայացվելու են գրականագիտական տեսական հարցեր, իսկ երկրորդ օրը` կոնկրետ հեղինակների ստեղծագործություններ ու գրական երևույթներ, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում ստեղծված գրականությունը համակարգման կարիք ունի: