«Ինտերնշիպ» ծրագիրը նախաձեռնել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը` Եվրասիա համագործակցության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Այս դեպքում ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը հանդես է գալիս որպես ծրագրի գործընկեր եւ ներկայացնում է համալսարանի ուսանողներին ու շրջանավարտներին:
«Ծրագրի հիմնական նպատակն է գործատուներին ապահովել համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ունեցող աշխատակիցներով: Սա նաեւ լավ հնարավորություն է ընձեռում որոշ չափով լուծելու մեր շրջանավարտների զբաղվածության խնդիրը»,- ասում է ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի աշխատակից, ծրագրի պատասխանատու Մարատ Հովհաննիսյանը:
Ծրագիրը նախատեսում է պրակտիկայի կազմակերպում եւ իրականացում կրթական հաստատություններում, լրատվամիջոցներում (կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների տեղեկատվական եւ հանրային կապերի բաժիններում), տուրիստական գործակալություններում եւ սպասարկման այլ ոլորտներում եւ գործարար կառույցներում (բանկերում, միջազգային կազմակերպություններում):
«Ինտերնշիպ» ծրագիրն իրականացվում է երեք հիմնական ուղղություններով` դասավանդում, հանրային կապեր` օտար լեզուների կիրառությամբ, հանրային եւ քաղաքագիտական- վերլուծական լրագրություն: Ծրագիրը փորձնական է եւ մեկնարկել է այս տարվա ապրիլին: Պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ կազմակերպիչների եւ համալսարանականների միջեւ, որոնց ընթացքում հնչում են տարաբնույթ առաջարկություններ ծրագրի անցկացման վերաբերյալ:
Կազմակերպիչներն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել մի շարք նախարարությունների, կրթական կազմակերպությունների եւ թանգարանների հետ: Արդեն օգոստոսին նրանք պատրաստ կլինեն ընդունելու նորավարտ մասնագետներին: Ինչպես տեղեկացնում են կազմակերպիչները, պրակտիկայի ընթացքում մասնակիցների ծախսերը հոգալու են հենց իրենք: Օրինակ` որոշ ուսանողներ ստիպված կլինեն գնալ մարզեր` այնտեղի կազմակերպություններում աշխատելու համար: Առայժմ ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը ներկայացրել է շուրջ 50 ուսանող եւ շրջանավարտ: