30.11.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԹԻՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՆԱԽԱԳԻԾԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼՈՒՄ Է
ԵՊՀ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԹԻՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՆԱԽԱԳԻԾԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼՈՒՄ Է
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետների մշակած «Կրթության պատրաստվածության ցուցիչը «COVID-19»-ի ժամանակ» (Education Preparedness Index in COVID-19) նախագիծը Կրթության նորարարությունների միջազգային մրցույթում անցել է եզրափակիչ փուլ։

Մրցույթին 19 երկրներից (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Վրաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Իսրայել, Ինդոնեզիա, Մալազիա և այլն) ներկայացվել է 419 նախագիծ, որոնք դիտարկել և գնահատել են միջազգային ավելի քան 80 փորձագետներ։ Ներկայացված ծրագրերից եզրափակիչ փուլ է անցել 10-ը, այդ թվում՝ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագիտական թիմի ներկայացրած նորարարական նախագիծը, որը, ի դեպ, միակն է ոչ միայն Հայաստանից, այլև Կովկասյան տարածաշրջանից։

 

Կենտրոնի փորձագետներ և նախագծի համահեղինակներ Արուսյակ Ալեքսանյանն ու Մարիամ Մուրադյանը հրավիրվել են Մոսկվա և Նիժնի Նովգորոդ քաղաքներ մրցույթի եզրափակիչ փուլին և դրա նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու համար։ 

 

Կրթական նորարարությունների միջազգային մրցույթի նպատակն է նպաստել կրթության ոլորտում նորարարական միջավայրի զարգացմանը։ Կրթության պատրաստվածության ցուցիչն արտակարգ իրավիճակներում կրթական համակարգերի պատրաստվածության չափման գործիք է, որը փորձարկվել է Հայաստանում և Ղրղզստանում, իսկ դրա մեթոդաբանությունն ու հնարավորությունները ներկայացվել են Ղազախստանում և Վրաստանում՝ գործող միջազգային և տեղական կազմակերպություններում, ինչպես նաև Կրթության նախարարությունում։

 

Նշենք, որ մրցույթի կազմակերպիչը «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանն է (НИУ ВШЭ)։ Նախորդ տարի մրցույթի մասնակիցները եղել են 5789-ը։

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: