13.01.2020 | 
Գիտություն
Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ
Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ
2019 թվականը հարուստ էր գիտության մեջ բացահայտումներով ու ձեռքբերումներով. Սև անցքի լուսանկարի ստացում, տիեզերքի սահմանների հետազոտություն, բնապահպանական ծրագրեր, կյանքի պայմանները բարելավելուն ուղղված աշխատանքներ և այլն։ Սակայն այս ոլորտը խոստանում է ավելի հետաքրքիր ու հարուստ լինել նաև 2020 թվականին։ ysu.am-ն առանձնացրել է 2020 թվականին ամենասպասված գիտական նվաճումներից մի քանիսը։

«NASA»-ն կթողարկի նոր մարսագնաց։



Դեռ 2012 թվականի դեկտեմբերի 4-ին Սան Ֆրանցիսկոյում ամերիկյան երկրաֆիզիկական միության աշնանային նիստում «NASA»-ն հայտարարել է «Մարս 2020» առաքելության մասին։ Այն գործարկվելու է 2020 թվականի ամռանը և, ըստ նախնական տվյալների, մոլորակ է ժամանելու 2021 թվականի փետրվարին։

«Մարս 2020»-ը նախատեսված է Մարսի հին միջավայրի աստղակենսաբանական հետազոտությունների, ինչպես նաև մոլորակի մակերևույթի և երկրաբանական գործընթացների հետազոտությունների համար, այդ թվում՝ մոլորակի անցյալի բնակելիության գնահատման և կյանքի ապացույցների որոնման համար՝ մատչելի երկրաբանական նյութերի սահմաններում:

Արհեստական բանականության (ԱԲ) կիրառությունն ամենուր:



Արհեստական բանականության մասին վեճերին զուգահեռ շարունակվում է նրա կիրառման ոլորտների ընդլայնումը։ Մինչ 2019 թվականի ավարտն ԱԲ-ով օժտված ռոբոտները ողողել էին գիտական ցուցահանդեսները, որոնք հասել էին նաև Հայաստան։ Սակայն արդեն 2020 թվականին նմանատիպ «խելացիները» հայտնվելու են բիզնեսում ու սպասարկման ոլորտում։

«Forbes» ամսագրի գիտական սյունակը վարող Բեռնարդ Մարը կարծում է, որ արհեստական բանականությունը բիզնեսում և սպասարկման ոլորտում վերլուծման ու գնահատման ամենաարդյունավետ ներդրումն է լինելու։ Նրա միջոցով արտադրողներն ու գործարարները հնարավորություն կունենան նվազագույնի հասցնելու թափոններն ու անպետք ծախսերը, հասկանալու գովազդի ու առաջարկների համար լավագույն ժամանակը, ճիշտ հաշվարկելու առաջարկի և պահանջարկի փոխհարաբերությունը։

Հետազոտելով Ծիր Կաթինը:



2020 թվականին «SRG»-ն՝ Ռուսաստանի և Գերմանիայի համատեղ աստղադիտարանը, կստանա ռենտգենային տիրույթում տիեզերքի հնարավորինս ամենաամբողջական պատկերը։

Իսկ եվրոպական տիեզերական «Gaia» գործակալությունը կթարմացնի տիեզերքի «3D» քարտեզը, որը, ըստ գիտնականների, կփոխի Ծիր Կաթինի կառուցվածքի և էվոլյուցիայի մասին պատկերացումները։

Կենդանիների մեջ կաճեցվեն օրգաններ մարդուն փոխպատվաստելու նպատակով:



Տոկիոյի համալսարանի (Ճապոնիա) դոկտոր Հիրոմիցու Նակաուչին, որը տարիներ շարունակ ուսումնասիրում է ցողունային բջիջները, ստացել է պետության թույլտվությունը կենդանիների և մարդու սաղմերի գենետիկ ձևափոխման նախագիծն իրականացնելու համար: Այս մասին հայտնում է «Nature» ամսագիրը:

Նակաուչիի գլխավորությամբ Տոկիոյի և Ստենֆորդի համալսարանների գիտնականների հետազոտության երկարաժամկետ նպատակը փոխպատվաստման համար օրգանների նոր աղբյուրներ ստեղծելն է:

Գիտական աշխարհը կարծում է, որ ճապոնացին «Մարդ-կենդանի» քիմեռի առաջին հեղինակը կլինի, որին կհաջողվի աճեցնել կենդանիներ, որոնք կունենան մարդու բջջիներից ստեղծված օրգաններ։ Այդ օրգանները հետագայում հնարավոր կլինի փոխպատվաստել մարդուն։

«JAXA»-ն ռոբոտների կայան կստեղծի Լուսնի վրա:



Ճապոնացի գիտնականները խոստացել են 2020 թվականին ռոբոտների կայան ստեղծել Լուսնի վրա։

«JAXA» ճապոնական տիեզերական գործակալությունը 2.2 միլիարդ դոլարի ներդրում է ստացել ու պատրաստվում է Լուսին ուղարկել ինքնակարգավորվող սարքեր, որոնք կարող են միասին ապրել, վերանորոգել միմյանց և իրականացնել տարբեր հետազոտական առաքելություններ։

Միգուցե լուծվի գլոբալ տաքացման խնդիրը:



Թերևս ներկա պահին աշխարհի ամենամեծ խնդիրներից մեկը գլոբալ տաքացումն է ու դրա հետևանքով առաջացած աղետները՝ հրդեհներ, ջրհեղեղներ և այլն։

ՄԱԿ-ն իր վերջին զեկույցներով հորդորում է պետություններին նվազեցնել մթնոլորտում վնասակար արտանետումների քանակը, քանի որ ջերմոցային ազդեցության պատճառով առաջիկա տարիներին կարող են աճել երաշտի, սովի, աղքատության, կենդանիների և բույսերի մեծ մասի կորուստների ռիսկերը:

Այս իմաստով 2020 թվականը կլինի որոշիչ տարի, քանի որ «COP26» կլիմայի առաջիկա համաժողովում կորոշվի Փարիզյան համաձայնագրերի ճակատագիրը, որոնք ստորագրել են աշխարհի գրեթե բոլոր երկրները 2015 թվականին։

Հայաստանում այս տարի ձմռանը նույնպես գրանցվել է բարձր ջերմաստիճան։ Դեռ 2019 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԻՆ-ը տարածել է հաղորդագրություն, որում հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, քանի որ բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ մեծացել է հրդեհների հավանականությունը։ Քաղաքացիներն այս հաղորդագրությանը թերահավատորեն էին վերաբերում մինչ այն պահը, երբ տարեսկզբին՝ հունվարի 11-ին, Լոռիում և Դիլիջանում անտառներում հրդեհների դեպքեր գրանցվեցին։


Պատրաստեց Մարինա Առաքելյանը

Այլ նորություններ
«ՑԱՎՈՔ, ԱՅԺՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ ԵՎՍ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԻ ՕՐԻՆԱԿՈՎ, ԱՅՍԻՆՔՆ` ՄԵՆՔ ՄԱՐԴՈՒՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆՔ ՈՉ ԹԵ ՄՏԱԾԵԼ, ԱՅԼ ԳՈՐԾԻՔ ԿԻՐԱՌԵԼ, ԲԱՅՑ ԳՈՐԾԻՔ ՍՏԵՂԾԵԼ ՉԵՆՔ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ». ԴԱՎԻԹ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Դավիթ Հայրապետյանի հետ խոսել ենք ստեղծարարության (կրետիվության) զարգացման մեթոդների, հիմնախնդիրների և դպրոցի անհրաժեշտության մասին:
ԲՈՆՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՍԵԲԱՍՏԻԱՆ ՀԱՅՆԵՆ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր Բոննի համալսարանի պրոֆեսոր Սեբաստիան Հայնեն հանդես է եկել «Ընդհանուր ակնարկ աֆղաներենով դյուցազներգական գրականության մասին» խորագրով դասախոսությամբ: