15.02.2008 | 
ԵՊՀ ՈՒԳԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ
ԵՊՀ ՈՒԳԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ
Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախագահը Կառլեն Գագիկի Խաչատրյանն է:
Փետրվարի 14-ին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ներկայացմամբ, ԵՊՀ գիտխորհուրդը հաստատեց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողի թեկնածությունը: «Մեծ պատասխանատվություն էի զգում այդ պահին»,- ասում է նորընտիր նախագահը: Իր թեկնածության մասին նա իմացել է 4 օր առաջ միայն: Կառլենը կարծում է, որ ուսխորհրդում իր գործունեությունը նպաստեց ԵՊՀ գիտխորհրդի կողմից իր թեկնածության հաստատմանը: Ի դեպ, 2006 թ-ին Կառլեն Խաչատրյանը դարձել է Տնտեսագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ` միեւնույն ժամանակ լինելով ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ: Մոտ 2 տարի անգործության մատնված ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը, համաձայն նախագահի, կսկսի աշխատել ֆակուլտետներում ՈՒԳԸ-ներ ձեւավորելուց հետո միայն: Դրան կհաջորդեն գիտաժողովները, կլոր սեղանները, նստաշրջանները: Իր հետ աշխատող թիմի մասին դեռ հանգամանորեն չի մտածել, միայն կարծում է, որ ՈՒԳԸ փոխնախագահն ու քարտուղարը կլինեն հումանիտար եւ բնագիտական ուղղությունները ներկայացնող ուսանողներ: 2005 թ-ին նա հիմնադրել է «Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպությունը: Կառլեն Խաչատրյանը 2005 թվականին ճանաչվել է «ԵՊՀ լավագույն ուսանող», 2007-ին` «ՀՀ տարվա լավագույն ուսանող», որն էլ համարում է իր մեծագույն ձեռքբերումը: 2007-ի հոկտեմբերից ՀՀ կառավարությանը կից «Երիտասարդական կառավարության անդամ» է ու զբաղեցնում է Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Նա համակարգում է մակրոտնտեսության եւ արժեթղթերի շուկայի զարգացման հետ կապված աշխատանքային խմբի գործունեությունը: Կառլեն Խաչատրյանը նաեւ ԵՊՀ խորհրդի անդամ է: Իր հաջողությունները նախ եւ առաջ կիսում է ընտանիքի հետ. հարազատներն իր հաջողություններով ուրախանում են, բայց նաեւ մղում կատարելագործման: Հայրը տնտեսագետ-ինժեներ է, մայրը` կիբեռնետիկ, քույրն էլ սովորում է ՀՊՃՀ-ի կիբեռնետիկայի ֆակուլտետում: Կառլենն իր ամենամեծ քննադատը մորն է համարում: Առհասարակ, քննադատություններն ընդունում է մեծ սիրով. դրանք թերությունները տեսնելու եւ ուղղելու լավագույն միջոց են: