03.05.2007 | 
Քաղաքականություն
ՎԱՐՉԱՊԵՏԸ` ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՎԱՐՉԱՊԵՏԸ` ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ավելի լավ է պետպատվերի շրջանակներում ընդունվող ուսանողների թիվը սահմանափակել, բայց այն ուսանողը, որին մենք պատրաստում ենք, դառնա լիարժեք մասնագետ եւ օգուտ բերի»:

Այս կարծիքը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտնեց մայիսի 3-ին Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված կազմի հետ հանդիպման ժամանակ: Քննարկվող հարցերը վերաբերում էին գիտակրթական խնդիրներին եւ Բոլոնիայի գործընթացի շրջանակներում իրականացվող բարեփոխումներին:

ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը համակարգված ներկայացրեց բուհի գիտնականներին հուզող խնդիրները` ակնկալելով դրանց լուծումը: Խնդիրներից մեկը վերաբերում էր ԵՊՀ կարգավիճակին: «Կրթության մասին օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ կետում նշված է, որ նախատեսվում է հատուկ կարգավիճակ ԵՊՀ-ի համար, եւ այդ կարգավիճակը պետք է որոշի կառավարությունը»,- նշեց ռեկտորը: Վարչապետը խոստացավ այդ հարցին անդրադառնալ կառավարության առաջիկա նիստերից մեկի ժամանակ:

Բոլոնիայի գործընթացների շրջանակներում այսօր լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում կրթության ոլորտում, հենց այդ լույսի ներքո էլ մասնագիտությունների եւ մասնագիտացումների խոշորացման գործընթաց է սկսվել: Ըստ Արամ Սիմոնյանի` քննարկման ներկայացված նախագիծը չի նախատեսում ոչ հավասար պայմաններ, ոչ համաչափություն մասնագիտությունների խոշորացման բնագավառում:

«Մեր երկրում ամեն տարի 1250-ից ավելի տնտեսագետներ են պատրաստվում միայն պետական բուհերում, այդ թվում` պետպատվերի շրջանակներում, եւ սրանից էլ մի քիչ ավելին` մասնավոր բուհերում: Մեր հանրապետությանը տարեկան այդքան տնտեսագետներ պե՞տք են»,- հարցրեց խնդրին լավատեղյակ կառավարության ղեկավարը:

Դասախոսների համար կարեւորագույն խնդիր էր մեկ ուսանողի ֆինանսավորման չափաբաժինը: Ըստ նրանց` այդ չափաբաժինը այնքան էլ չի բխում այն ծախսերից, որոնք իրականում պահանջվում են` այսօրվա ուսանողներին կրթելու համար: Սերժ Սարգսյանը նյութական միջոցների ավելացման մասին խոստումներ չտվեց, փոխարենը տեղին համարեց վերանայել ընդունվող ուսանողների, այդ թվում` պետպատվերի շրջանակներում ընդունվածների թիվը: «Եթե մի խնդիր ձեռնարկում ենք, պիտի լուծենք լիարժեք: Ավելի լավ է քիչ ուսանող լինի, բայց անհրաժեշտ լինի երկրին ու աշխատանքի խնդիր չունենա»,- վստահ է վարչապետը:

ԵՊՀ-ն իր առջեւ նպատակ է դրել վերածվելու գիտակրթական համալիրի: Այս ճանապարհին բուհը կարեւորում է գիտահետազոտական աշխատանքների ներդրումը ուսումնական, կրթական գործընթացներում եւ այս երկուսի ամբողջության մեջ է տեսնում համալսարանի ապագան: «Այս տարի վարչապետի շնորհիվ ԵՊՀ-ն ստացել է 100 միլիոն դրամի` գիտահետազոտական աշխատանքների լրացուցիչ ֆինանսավորում: Այս գումարը թույլ կտա ոչ միայն ԵՊՀ-ում գործող հայագիտական կենտրոնը վերածել գիտահետազոտական ինստիտուտի, այլեւ բնագիտական թեւում համանման մի ինստիտուտ ստեղծել այն գիտական հաստիքներից, որոնք արդեն կան քիմիայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի եւ կենսաբանության ֆակուլտետներում»,- տեղեկացրեց ԵՊՀ ռեկտորը:

Վարչապետ Սերժ Սարգսյանը, որը նաեւ ԵՊՀ խորհրդի նախագահն է, հավաստիացրեց, որ գիտակրթական բոլոր խնդիրներն այսուհետ լուծելու է ոչ թե այն մարդկանց հետ, ովքեր գիտությունից հեռացել են` դառնալով գիտության ղեկավարներ, այլ նրանց, ովքեր ամեն օր շփվում են այդ խնդիրների հետ:

Այլ նորություններ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՇՈՇԱՓԵԼԻ. ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Արգավանդի միջնակարգ դպրոցի 8-11-րդ դասարանների աշակերտներին:
ԵՊՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐՄԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով ԵՊՀ գնումների պլանավորման վարչության պետ Արման Մալխասյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր: