05.12.2022 | 
Կրթություն, Գիտություն
ՀՀ ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ՀՀ ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանը, մեծ ներդրում ունենալով քաղծառայության համակարգի մասնագետների վերապատրաստման գործում, 2002 թվականից ի վեր անցկացնում է դասընթացներ և բազմաթիվ ծրագրերի հեղինակ է։ Այս ամենի հիմքում համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի բարձր արհեստավարժությունն ու ԵՊՀ-ում գործող տարբեր մասնագիտությունների առկայությունն է:

Վերջին երկու տարիներին քաղծառայության համակարգում ներդրվել է մասնագիտական վերապատրաստման ուղղություն, որի արդյունքում ԵՊՀ-ն հնարավորություն է ստացել առաջարկելու պետական պաշտոնյայի համար առանցքային թեմաներ:

 

ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի՝ քաղծառայողների մասնագիտական վերապատրաստումների բաժնի համակարգող Ասյա Աղասյանը մեզ հետ զրույցում վկայեց, որ հաջողակ աշխատանքի հիմքում ընկած է նաև Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի պատրաստակամությունը, նվիրվածությունը և պրոֆեսիոնալիզմը:

 

 

«Շարունակական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ վերապատրաստումներն անցկացվում են յուրաքանչյուր քաղծառայողի համար՝ ըստ անհատական ծրագրի, որը կազմվում է վերապատրաստման կարիքների գնահատման հիման վրա»,- ասաց Ա. Աղասյանը։

 

Մեր զրուցակիցը մանրամասնեց, որ կենտրոնի անցկացրած բոլոր դասընթացները վերլուծում և գնահատում են կենտրոնի աշխատակիցները։ Արդյունքում որոշ թեմաներ ձևափոխվում են, ստեղծվում են նորերը՝ դարձնելով հաջորդ վերապատրաստումներն ավելի արդյունավետ:

 

Զրուցեցինք նաև Արմավիրի մարզպետարանի քարտուղարության պետ Նաիրա Մարտիրոսյանի և իրավաբանական բաժնի պետ, գլխավոր իրավաբան Լիանա Հարությունյանի հետ, որոնք ԵՊՀ-ում մասնակցում են վերապատրաստման դասընթացներին: Խոսելով ծրագրի բազմաբովանդակ լինելու և դասախոսների պատրաստակամության մասին՝ նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին:

 

 

Ն. Մարտիրոսյանը և Լ. Հարությունյանն ընդգծեցին, որ մշտապես մասնակցում են տարբեր ձևաչափերով կազմակերպվող վերապատրաստումների, սակայն ԵՊՀ-ում կազմակերպված դասընթացներն առավել խորքային են և արդիական թեմաներ են ներառում:

 

Ի մասնավորի՝ Լ. Հարությունյանն ասաց. «Օրինակ՝ տեղական հանրաքվեի վերաբերյալ, տարածքային կառավարման մասին օրենքի մեկնաբանությունների ու մոտեցումների և այսօրինակ այլ թեմաների մասին նախկինում իմ մասնակցությամբ որևէ վերապատրաստման ժամանակ անդրադարձ չի կատարվել: Նմանօրինակ թեմաներն անչափ կարևոր են, և դասախոսները մեզ դրանք ներկայացնում են ամենայն մանրամասնությամբ»։

 

Պետական կառույցների և Երևանի պետական համալսարանի միջև կնքված պայմանագրերում ու համաձայնագրերում հիշատակված որակական, քանակական և ժամանակային տվյալներին համապատասխան գործունեություն ծավալելու համար ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը մեծ ջանքեր է գործադրում ոչ միայն ԵՊՀ վարկանիշի պահպանման, այլև դրա բարձրացման ուղղությամբ՝ վերապատրաստման դասընթացներում ներգրավված աշխատակիցներին նորագույն և անհրաժեշտ տեղեկատվություն տալով և ապագայում նրանց արդյունավետ աշխատանքն ապահովելով:

 

 

Նշենք, որ ԵՊՀ-ի ջանքերով վերապատրաստվել և վերապատրաստվում են ՀՀ վարչապետի անձնակազմի, առողջապահության նախարարության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ԿԳՄՍ նախարարության, պետական վերահսկողության ծառայության, ջրային կոմիտեի, Սյունիքի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Վայոց ձորի, Արարատի և Լոռու մարզպետարանների աշխատակիցները:

Այլ նորություններ
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՊՀ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
Երևանի պետական համալսարանում շարունակաբար քայլեր են կատարվում ուսանողի անհատական և խմբային հետազոտություն կատարելու ունակությունները խթանելու, ինչպես նաև մասնագիտական հմտությունների ու կարողությունների զարգացմանը նպաստելու համար:
«ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԳՐԱՎԱԿԱՆՆ ԵՆ». ՆԱՐԵ ՇԱԼՈՒՆՑ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Նարե Շալունցը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով երկրորդ տեղի մրցանակակիր է: Նարեի հետ զրուցել ենք ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ուսանողական տարիներից գիտական գործունեություն ծավալելու կարևորության և այլ թեմաների շուրջ: