04.12.2006 | 
Հասարակություն
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՆՈՐՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՆՈՐՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
«Ինտելեկտուալ անխախտ ներուժ մեր կյանքում: Մենք տարբերվում ենք մեր մշակույթով: Բարձրորակ շրջանավարտներ ողջ աշխարհում, 87-ամյա հաստատուն ավանդույթներ եւ շարունակական բարեփոխումներ»:

Այսպես են պատկերացնում Երեւանի պետական համալսարանի գովազդը Ծաղկաձորում սեմինարի հրավիրված լրագրողները: Դեկտեմբերի 1-2-ը ԵՊՀ ուսումնաարտադրական բազայում բուհի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպել էր սեմինար-քննարկում` «ԵՊՀ-ն զանգվածային լրատվամիջոցներում» թեմայով:

Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների, ուսումնական գործընթացի, ծրագրային փոփոխությունների եւ կատարվելիք աշխատանքների մասին հստակ տեղեկատվություն տալու նպատակով էր կազմակերպվել այս միջոցառումը: Բուհի ղեկավարների հետ հանդիպումը լրագրողներին հնարավորություն տվեց անդրադառնալ նաեւ համալսարանի առջեւ ծառացած խնդիրներին եւ համատեղ լուծման ուղիներ փնտրել: Մասնակիցներին այցելեցին բուհի ռեկտորը եւ պրոռեկտորները:

ԵՊՀ պրոռեկտոր Արսեն Քարամյանը ներկայացրեց Դիլիջանի մարզաառողջարանային ճամբարի վերակառուցման հետ կապված աշխատանքների ընթացքը, շրջանավարտների եւ ուսանողների հետ տարվող աշխատանքները: «Մենք փորձում ենք վիճակագրական տվյալներ հավաքել այն մասին, թե ամեն տարի ԵՊՀ-ն ավարտած քանի շրջանավարտ է աշխատանք գտնում: Նորաստեղծ կարիերայի կենտրոնը կապեր է հաստատում գործատուների հետ, որ իր ունեցած ուսանողական բազայի հիման վրա կարողանա օգնել աշխատանքի խնդիր ունեցող շրջանավարտներին եւ ուսանողներին»:

ԵՊՀ գիտական քաղաքականության հիմնական ուղղությունների, միջազգային համագործակցության ոլորտի ձեռքբերումների մասին սեմինարի մասնակիցներին պատմեց ԵՊՀ պրոռեկտոր Սամվել Հարությունյանը: «Չնայած մեր գիտական լաբորատորիաների ոչ բարվոք վիճակին` այնուամենայնիվ ինչ-որ քայլեր այդ ուղղությամբ արվում են: Միայն անցյալ տարի մոտ մեկ միլիոն դոլարի լաբորատոր սարքավորում է ձեռք բերել ֆիզիկայի ֆակուլտետը»: Այս տարի, ըստ պարոն Հարությունյանի, եւս 300 հազար դոլարի ծրագիր է իրականացվելու, որից 210 հազարը դարձյալ լաբորատոր սարքավորումների ձեռքբերման համար է ծախսվելու, իսկ մյուս մասը օգտագործվելու է ասպիրանտական վճարների, սեմինարների կազմակերպման ու այլ խնդիրների լուծման համար:

Պրոռեկտորը նշեց նաեւ, որ ԵՊՀ-ն պայամանագրեր ունի շուրջ 100 բուհերի հետ, որոնցից այսօր ակտիվ գործում են միայն 40-ը: Վերջիններիս շրջանակներում իրականացվում են ուսանողների, ասպիրանտների եւ դասախոսների փոխանակման ծրագրեր: Օրինակ` ամեն տարի Ռուսաստանի տարբեր բուհեր են ընդունվում մոտ 70 ԵՊՀ ուսանողներ, որոնց վրա ՀՀ «Զինապարտության մասին» օրենքը չի տարածվում:

Սեմինար-քննարկման կազմակերպիչները մասնակիցների համար դերային խաղեր էին նախապատրաստել: Նրանց առաջարկվեց գովազդներ պատրաստել Մայր բուհի մասին` օգտագործելով սեմինարի ընթացքում ձեռք բերած ինֆորմացիան: Բացի այդ, նրանց առաջարկվեց ներկայացնել մի իրավիճակ, երբ կաշառակեր դասախոսը փորձում է փող կորզել ուսանողից կամ երբ անպատրաստ ուսանողը փորձում է կաշառել ազնիվ դասախոսին: Դերային խաղերին հաջորդեց բուռն քննարկումը:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Աննա Ղուկասյանը, հայտնելով իր գոհունակությունը կազմակերպված սեմինարից, ասաց. «Ես բոլորովին այլ լույսի ներքո տեսա համալսարանը եւ հասկացա, որ լուրջ աշխատանք իսկապես կատարվում է»: Նրան համակարծիք էին նաեւ մյուս մասնակիցները:

Այլ նորություններ
«ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԻՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ԱՅՆ ԻՄ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆ Է». ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը հաղթող է ճանաչվել «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգում: Պարոն Մելքոնյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մանկավարժական գործունեության հետաքրքիր կողմերի ու դժվարությունների մասին:
ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՎԱՐԻՉ, ՊՐՈՖԵՍՈՐ Գ. ՂԱՐԻԲՅԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԸ
Մայիսի 25-ին լրանում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության տեսության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Գ. Ղարիբյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը: