16.04.2009 | 
Ուսանողական, Քաղաքականություն, Հասարակություն
«ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2009»
«ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2009»
ԵՊՀ-ն իր հյուրընկալ հարկի ներքո է համախմբել կրթօջախների եւ կրթական ոլորտին առնչվող մի շարք հաստատությունների:

Այսօր Մայր բուհի նախասրահում մեկնարկեց ամենամյա «Ուսուցումը Հայաստանում» 8-րդ միջազգային ցուցահանդեսը: «Expo Center» ընկերության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Երեւանի պետական համալսարանի կողմից կազմակերպած ցուցահանդեսին մասնակցում են 30-ից ավելի կրթական եւ կրթության ոլորտում տարբեր գործունեություն ծավալող կազմակերպություններ:

 

Մինչ ցուցահանդեսի պաշտոնական արարողությունը մի շարք պետական բուհերի ղեկավարները, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ուղեկցությամբ շրջում էին եւ ծանոթանում տաղավարներին: Այնուհետեւ «Expo Center» ընկերության գլխավոր տնօրեն Ռաֆայել Կակոյանը հյուրերին հրավիրեց ամբիոն, որտեղ մասնակիցներին ողջունեցին եւ հաջողություն մաղթեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը եւ այլք:

 

«Այս ցուցահանդեսը դիմորդների, ինչպես նաեւ արդեն մագիստատուրայում իր ուսուցումը շարունակող ուսանողի համար լավ հնարավորություն է` ճիշտ որոշում կայացնելու ու ծանոթանալու առկա կրթական ծրագրերին: Շնորհավորում եմ ու հաջողություն եմ մաղթում բոլոր մասնակիցներին, մասնավորապես Մայր բուհին, որն այս տարի նշելու է իր 90-ամյակը»,- ասում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը:

 

«Այս ցուցահանդեսներն օգտակար են նաեւ մեզ` բուհերիս համար, քանի որ այստեղ մենք ծանոթանում ենք մյուս կրթօջախների հաջողություններին, ձեռքբերումներին, ինչպես նաեւ խնդիրներին, միասին քննարկում ենք եւ լուծման ճանապարհներ փնտրում»,- նշեց Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը: Բուհերի եւ կրթական կենտրոնների տաղավարների կողքին ներկայանալու հնարավորություն էին ստացել նաեւ կրթական բովանդակությամբ թերթերը, տպագրությամբ զբաղվող կազմակերպությունները եւ կրթական տարբեր ծրագրեր իրականացնող մի շարք ընկերություններ: Ցուցահանդեսի շրջանակներում ԵՊՀ տարբեր սրահներում ու լսարաններում կանցկացվեն նաեւ կլոր սեղաններ:

 

Այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կազմակերպած քննարկման թեման էր «Մասնագիտական միջավայրի հետ համագործակցությունը հօգուտ ուսանողների տեղավորման» (զեկուցող` արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյան): Ապրիլի 17-ին կլոր սեղաններ կկազմակերպեն Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը («Ճանապարհ դեպի ապագա», զեկուցողներ` պրոռեկտոր Մ. Ավագյան, պրոֆեսոր Ա. Բարլեզիզյան, ասպիրանտ Վ. Զաքարյան) եւ «Մեսսի» համալսարանը («Վեբ տեխնոլոգիաների կիրառումը կրթական ոլորտում», զեկուցող` Ս. Վարդանյան եւ «Բուհի եւ դասախոսի իմիջի ձեւավորման հիմնանդիրները», զեկուցող` Եվ. Պոնոմորյով): Նույն օրը «Մեսսի» համալսարանը նախատեսում է անցկացնել նաեւ գրքի շնորհանդես: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ ապրիլի 18-ը:

Այլ նորություններ
ԻՍՊԱՆԱՑԻ ԳՐՈՂ, ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ ԳՈՆՍԱԼՈ ԳՈՒԱՐՉԻ ԲԱՑ ՆԱՄԱԿՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Ղարաբաղի Հանրապետության նախագահ մեծարգո պարոն Արայիկ Հարությունյանին
ԵՊՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ-ԱՐՇԱՎԻՆ՝ ՓՈԽԱՆՑԵԼՈՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ 55 ՄԼՆ ԴՐԱՄ
ԵՊՀ-ն հատուկ բացված հաշվեհամարին փոխանցել է ևս 30 մլն դրամ, Իջևանի մասնաճյուղը՝ 5.5 մլն դրամ, իսկ աշխատակիցները՝ ավելի քան 20 մլն դրամ։