Ընկերական խաղը, որը գնահատեց պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներով համալրված պրոֆեսիոնալ ժյուրին, նպատակ ուներ բանավիճող թիմերին ծանոթացնելու բուհում անցկացվող առաջնության ձևաչափին:
Նշենք, որ համաբուհական առաջնության գլխավոր նպատակներն են ԵՊՀ և այլ համալսարանների ուսանողների համար ինքնակրթության և օրակարգային հարցեր բարձրաձայնելու հարթակ ստեղծելը և միջբուհական կապերն ամրապնդելը։
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն անդրադարձավ բանավեճի ակումբի ստեղծմանը: Խոսելով բանավիճելու հմտություններ ունենալու կարևորությունից՝ Դ. Ափոյանն ընդգծեց. «Բանավեճն այն եզակի ինստիտուտներից է, որը պատմության ցանկացած փուլում եղել և մնում է արդիական: Համալսարանում բանավեճի ակումբը ձևավորվել է 2013 թվականին՝ ստեղծելով հնարավորություն, որ ուսանողներն ունենան և զարգացնեն սեփական համոզմունքները, ինչպես նաև առանձնահատուկ գաղափարներով պայքարեն դրանց համար: Լիահույս եմ, որ բանավեճի այս առաջնությունը ուսանողների շրջանում կձևավորի նոր համոզմունքներ»:
Բանավեճի ակումբի նախագահ Աննա Դարբինյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ բանավեճի ակումբի ընձեռած հնարավորություններին: Նրա խոսքով՝ այն, որ ԵՊՀ ՈՒԽ-ն հյուրընկալում է առաջնության թիմերին, կազմակերպում և անցկացնում մրցաշար, արդեն իսկ խոսում է համալսարանի բարձր հեղինակության և նախաձեռնողականության մասին:
«Պակաս կարևոր չէ մյուս համալսարանների ուսանողների հետաքրքրությունն ու մասնակցությունը, ինչի շնորհիվ, կարծում եմ, փորձի փոխանակում կստացվի, և առաջնությունն այդ առումով ևս ստացված կհամարվի։ Բացի դրանից՝ բանավիճելը միշտ զարգացնում է անձնային կարողություններն ու հմտությունները, ինչին, վստահաբար կարող եմ ասել, կնպաստի առաջնությունը»,- նշեց բանավեճի ակումբի նախագահը։
Հատկանշական է, որ առաջնությանը մասնակցելու համար դիմել են Երևանի գրեթե բոլոր համալսարաններից ներկայացուցչական և հավաքական թիմեր, սակայն միայն լավագույն տասներկուսն են հաղթահարել վարկանիշավորման փուլը։
Մեզ հետ զրույցում «Ֆաուստո» թիմի ներկայացուցիչներն անդրադարձան առաջնությանն իրենց մասնակցությանը: Նրանց խոսքով՝ այն հնարավորություն է տալիս ընդլայնելու կապերն այլ համալսարանների ներկայացուցիչների հետ և ձեռք բերելու բանավիճելու նոր հմտություններ:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող, թիմի ներկայացուցիչ Անի Հակոբյանը վկայեց, որ սա լավ հնարավորություն է հասկանալու Հայաստանի տարբեր համալսարանների ուսանողների մտածելակերպը, ինչպես նաև ձևավորելու համագործակցային նոր կապեր:
Մեզ հետ զրույցում թիմի մեկ այլ անդամ, Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանող Վան Համբարձումյանը նշեց. «Ծանոթ լինելով Հայաստանի կրթական համակարգին՝ պիտի խոստովանեմ, որ ՀՀ բուհերի ուսանողական կառույցների համեմատ՝ ԵՊՀ ՈՒԽ-ն հավասարը չունի: Ցանկանում եմ իմ մասնակցությամբ առավել լավ ծանոթանալ կառույցի գործունեությանն ու այդ փորձը կիրառել համալսարանում, որտեղ ես եմ սովորում»:
Թիմի մեկ այլ անդամի՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանող Մարկ Պետրոսյանի կարծիքով էլ առաջնությունը կնպաստի իրենց մտահորիզոնի ընդլայնմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծի քննարկելու այնպիսի թեմաներ, որոնք դեռ չեն դարձել քննարկման առարկա: