19.09.2008 | 
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԸ «ՇԱԽՄԱՏԻ ՓԱՌԱՏՈՆ» ԵՊՀ-ՈՒՄ
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԸ «ՇԱԽՄԱՏԻ ՓԱՌԱՏՈՆ» ԵՊՀ-ՈՒՄ
Մանկապատանեկան ամենամյա չորրորդ «Շախմատի փառատոնը» այս տարի մեկնարկեց ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում:
2005 թվականից սկսած` ամեն տարվա սեպտեմբեր ամսին, Հայաստանի Շախմատի ակադեմիան ՀՀ բոլոր մարզերի շախմատի դպրոցներում անցկացնում է ՄԱԿ-ի գավաթի խաղարկության առաջին փուլը, որին մասնակցում է շուրջ 800 երեխա: ՄԱԿ-ի գավաթի հանրապետական խաղարկությանն այս տարի մասնակցում էին առաջին փուլում հաղթող ճանաչված 6-12 տարեկան 39 երեխա: «Շախմատի փառատոն անցկացնելու նպատակներն են` սպորտի միջոցով նպաստել ՄԱԿ-ի առաքելության, արժեքների եւ սկզբունքների, խաղաղության տարածմանը, ինչպես նաեւ մարզերի երիտասարդների միջեւ երկխոսության եւ հանդուրժողականության մթնոլորտի ստեղծմանը»,- ասում է ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի նախագահ Արմինե Պողոսյանը: «Շախմատի փառատոնի» կազմակերպիչներն են Հայաստանի շախմատի ֆեդերացիան եւ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան: Փառատոնն իրականացավ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, «Փյունիկ» հաշմանդամների միության, Երեւանի պետական համալսարանի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ եւ հովանավորությամբ: ՄԱԿ-ի գավաթի հանրապետական խաղարկության 39 մասնակիցները պայքարում էին 1-ին, 2-րդ, 3-րդ մրցանակային տեղերի համար: ՄԱԿ-ի գավաթի խաղարկությանը զուգահեռ անցկացվում էր միաժամանակյա խաղ ԶԼՄ-ների,ԵՊՀ-ի, միջազգային կազմակերպությունների եւ ՀԿ սեկտորի 45 ներկայացուցիչների հետ: Փառատոնը նվիրված էր «ՄԱԿ-ի խաղաղության օրվան», որի բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանի կարծիքով` այս փառատոնում հաղթողներ կամ պարտվողներ չկան. հաղթում են շախմատի դպրոցը, երեխաները եւ խաղաղությունը: 12-ամյա Արտավազդը սովորում է Վանաձորի թիվ 11 միջնակարգ դպրոցում: Նա շատ է սիրում շախմատ խաղալ եւ հաղթելու նպատակով է մասնակցում փառատոնին: «Շախմատն իմ ամենասիրած սպորտաձեւն է, այն ուղեղի խաղ է, իսկ մեր դպրոց ուզում եմ անպայման գավաթով վերադառնալ»,- ասում է Արտավազդը: Ի դեպ, ՄԱԿ-ի գավաթին տիրացավ Երեւանի Շախմատի ակադեմիայի 11-ամյա սան Հարություն Բարսեղյանը, իսկ փառատոնի հիմնադիր «Կարեն Ասատրյանի անվան» հատուկ մրցանակը շնորհվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիային` ի դեմս Սմբատ Լպուտյանին: