30.11.2007 | 
Հասարակություն
ԵՊՀ ՀԱՎԵՐԺ ԱՍՊԻՐԱՆՏԸ
ԵՊՀ ՀԱՎԵՐԺ ԱՍՊԻՐԱՆՏԸ
ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման եւ հետախուզման կաբինետն այսուհետ կրելու է համալսարանական զոհված ազատամարտիկ Մհեր Ջուլհաճյանի անունը:

Արցախյան ազատամարտում զոհված ԵՊՀ ասպիրանտներից մեկն էլ Լիբանանի Բեյրութ քաղաքում ծնված ու մեծացած Մհեր Ջուլհաճյանն էր: Նոյեմբերի 28-ին Մհերը կդառնար 40 տարեկան:

«Այս անվանակոչումով մենք Մհերին վերադարձրինք համալսարան: Նա նորից նստեց իր նստարանին եւ դարձավ մեր համալսարանի հավերժ ասպիրանտը»,- ասաց ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի դեկան, Մհերի գիտական ղեկավար Մարատ Գրիգորյանը:

Միջոցառման նախաձեռնողներ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից եւ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի ներկայացուցիչներից բացի լսարարանի բացման արարողությանը ներկա էին նաեւ Մհերի հարազատները, կուսակցական եւ մարտական ընկերները, երկրաբանության ֆակուլտետի դասախոսներ եւ ուսանողներ: 

Մհեր Ջուլհաճյանը 1978 թվականից անդամակցել է ՀՅԴ «Նավասարդյան» պատանեկան միությանը, իսկ 1984-ից ՀՅԴ «Րաֆֆի» երիտասարդական մասնաճյուղին: Ավարտելով Բեյրութի Ամերիկյան համալսարանի բնագիտության ֆակուլտետը` 1986-1992 թվականներին Բեյրութի ամերիկյան համալսարանում աշխատել է որպես գիտաշխատող, տարբեր վարժարաններում դասավանդել բնագիտություն: 1989 թվականին Մհերը նշանակվել է ՀՅԴ «Բաբկեն Սյունի» պատանեկան միության վարիչ, իսկ 1990-ին անցել է ՀՅԴ «Զավարյան» ուսանողական միության շարքերը:

1992 թվականին Մհերը ընդունվում է ԵՊՀ եւ մինչեւ կյանքի վերջը սովորում ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի ցերեկային ուսուցման բաժնի ասպիրանտուրայում:

«Մհեր Ջուլհաճյանի անունը կրող լսարանի բացումը, վստահ եմ, որ նոր լիցք պիտի հաղորդի հայրենիքի եւ սփյուռքի բոլոր հայորդիներին, որովհետեւ այս լսարանը սոսկ շենք կամ նստարան չէ, այլ Մհերի եւ իր ընկերների յուրացրած «Մեկ ազգ, մեկ հայրենիք» գաղափարի ճանապարհին ձգվող մի հոգեկան կամուրջ»,- նշեց Մհերի քույրը` Վերա Ջուլհաճյանը:

Բացման արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ով անձամբ ճանաչել էր Մհերին: Նախարարը ողջունեց ազատամարտիկների անունով լսարանների անվանակոչման համալսարանի նախաձեռնությունը եւ հույս հայտնեց, որ այս միջոցառումը վարակիչ կլինի նաեւ մյուս բուհերի համար:

Մհեր Ջուլհաճյանը զոհվել է 1993թ-ի օգոստոսի 23-ին Արցախի Մարտունու շրջանի Մարզիլի գյուղի պաշտպանական դիրքերում:

Այլ նորություններ
«ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԵՊՀ
Արդեն մի քանի օր է՝ «Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Այսօր շարժման ներկայացուցիչները մտել են ԵՊՀ, հանդիպել ռեկտորի հետ և կոչով դիմել ուսանողներին ու դասախոսներին։