01.02.2008 | 
ՀԱՆԴԵՍՆԵՐԻ 10-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ
ՀԱՆԴԵՍՆԵՐԻ 10-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ
«Բնագետ» ու «Կրթությունը եւ գիտությունը Արցախում» հանդեսները 10 տարեկան են:
Փետրվարի 1-ին ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում հավաքված գիտնականներն ու մանկավարժները եկել էին` շնորհավորելու միմյանց նման կարեւոր իրադարձության առթիվ: Իր ողջույնի խոսքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ «Կրթությունը եւ գիտությունը Արցախում» հանդեսի ստեղծման մասին որոշումն Արցախի կառավարությունը կայացրել էր դեռեւս 1995 թվականին, բայց այն սկսեց լույս տեսնել միայն 1997-ին` «Բնագետի» հետ միաժամանակ: «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Երեւանի պետական համալսարանը, ՀՀ ԿԳ եւ ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարություններն իրենց ամենօրյա հոգատարությամբ եւ ուշադրությամբ ապահովել են հանդեսների անխափան լույսընծայումը: Վերջիններս մեծ առաքելություն ունեն` տարածել լուսավորությունը, գիտության ու կրթության նվաճումները բուհերում, դպրոցներում, գիտական հիմնարկներում եւ մեր հասարակության մեջ»,- ասաց ռեկտորը: Նա հատկապես կարեւորեց երկու պարբերականների ազդեցությունը հանրակրթության ոլորտի վրա. դրանք մեծ դերեն կատարում ուսուցիչների մեթոդական եւ պրակտիկ գիտելիքներն ավելացնելու գործում: «Կրթությունը եւ գիտությունը Արցախում» հանդեսի հոբելյանական համարի խմբագրականում կարդում ենք. «Անուրանալի է հայոց Մայր բուհի` Երեւանի պետական համալսարանի դերը հանդեսի կայացման գործում: Այս դերակատարումը երկիմաստ է. նախ` հանդեսի խմբագրությունը գտնվում է ԵՊՀ-ում, երկրորդ` համալսարանում ստեղծված նոր գիտելիքն անմիջապես տարածվում է նաեւ նշված հանդեսով»: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կարծում է, որ ամսագրերը, իսկապես, կայացել են, ու դրանց կաիրքն զգում է ընթերցողը: Նա պատմեց. «Մեր աշխատակիցներից մեկը նոր համար էր տարել Արցախ, երբ դեռ տպաքանակը լույս չէր տեսել, ու պատմեց, որ գյուղի բոլոր ոսուցիչները մի գիշերում կարդացել են ամբողջ համարը` գիտամանկավարժական նորություններին ծանոթանալու համար»: ՀՀ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանն էլ, ով կանգնած էր հանդեսների ստեղծման ակունքներում, հիշեց, որ այն ժամանակ միայն լավատեսություն ու հավակնություն կար` հանդեսներն արդյունավետ ու հետաքրքիր դարձնելու: Այսօր դա արդեն իրողություն է: «Հանդեսներն իրենց ընթերցողին ու թղթակիցին գտան ոչ միայն Հայաստանում եւ Արցախում, այլեւ Ջավախքում»,- ասաց փոխնախարարը: ՀՀ ԿԳ նախարարի հրամանով` ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալով պարգեւատրվեցին «Կրթությունը եւ գիտությունը Արցախում» հանդեսի պատասխանատու խմբագիր Կամո Աթայանը, «Բնագետ» հանդեսի կենսաբանության բաժնի խմբագիր Կարինե Ջիվանյանը: