Փետրվարի 28-ին` ժամը 11:00-ին, մեկնարկեց ԵՊՀ 90-ամյակի առթիվ կազմակերպված դպրոցական առարկայական օլիմպիադան, որն անցկացվեց 11 առարկաներից: Դրանք են` Մաթեմատիկան, Ֆիզիկան, Քիմիան, Ինֆորմատիկան, Կենսաբանությունը, Աշխարհագրությունը, Հայ ժողովրդի պատմությունը, Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարությունը, Հայոց լեզու և գրականությունը, ինչպես նաեւ Ռուսաց լեզուն եւ Անգլերենը:
Օլիմպիադային մասնակցում էին Հայաստանի Հանրապետության 90 դպրոցների ավարտական դասարանների 600 աշակերտներ ինչպես Երեւանից, այնպես էլ Շիրակի, Լոռու, Արմավիրի եւ Տավուշի մարզերից: Մասնակիցներն ընտրվել էին դպրոցներում` կազմակերպիչների ներկայացրած պահանջների համաձայն: Տվյալ դպրոցից օլիմպիական ամեն առարկայի համար կարող էր ներկայացվել միայն 2 աշակերտ:
«Մենք առաջին անգամ ենք համալսարանում այսպիսի օլիմպիադա անցկացնում: Այս տարի մասնակցել են միայն այն դպրոցները, որոնց հետ համալսարանը սերտորեն համագործակցում է: Իհարկե, մյուս տարիներին շրջանակներն ավելի կընդլայնվեն: Մարզերի դպրոցների աշակերտները կազմում էին մոտ 10%»,- տեղեկացրեց ԵՊՀ մինչհամալսարանական կրթության կենտրոնի ղեկավար Վաչագան Գալստյանը: Բոլոր առաջադրանքները գրավոր էին. մեծ մասամբ թեստեր էին, սակայն կային նաեւ մի շարք գրավոր հարցեր` աշակերտների տրամաբանությունն ու վերլուծական ունակությունները ստուգելու համար: Մասնակիցներին տրվեց 4 ժամ` առաջադրանքները հաղթահարելու համար:
Միայն Ռուսաց լեզու եւ Անգլերեն առարկաների համար աշակերտներին տրվեց 2,5 ժամ, իսկ Հայոց լեզվի եւ գրականության համար` 3 ժամ, Հայ ժողովրդի պատմության համար` 4,5 ժամ: Առարկայական հանձնաժողովները կազմավորվել են տվյալ մասնագիտությունն ուսումնասիրող ֆակուլտետի ներկայացուցիչներից, ովքեր էլ կազմել են հարցաշարերը: Ընդգրկված են այնպիսի մասնագետներ, ովքեր նման օլիմպիադաների ու մրցումների կազմակերպման փորձ ունեն: Հանձնաժողովի նախագահը տվյալ ֆակուլտետի դեկանն է: «Աշխատել ենք, որ աշակերտների համար հնարավորինս մատչելի լինեն առաջադրանքները: Կան նաեւ հաշվողական, տրամաբանական խնդիրներ, որոնք նրանց գործը հեշտացնում են:
Բայց կան նաեւ մի քիչ ավելի բարդ խնդիրներ, որոնք ի զորու կլինեն հաղթահարել միայն ուժեղագույնները»,- ասում է Օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիայի առարկայական օլիմպիադայի հանձնաժողովի անդամ Վիլիկ Հարությունյանը: ԵՊՀ ապագա ուսանող Նարե Չոբանյանն ասում է. « Դիմորդի համար հարցերը շատ հեշտ էին: Կային ե´ւ դասագրքային, ե´ւ այնպիսի հարցեր, որոնց պատասխանելու համար պիտի մեր կարծիքն արտահայտեինք: Հաճելի էր, որ մեր կարծիքին մեծ նշանակություն են տալիս»:
Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն մարտի 5-ին` ժամը 14:00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի Մեծ դահլիճում: Հաղթողներին կտրվեն նվերներ` գրքեր, 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմներ եւ գովասանագրեր: Նույն օրը հայտարարված է նաեւ բաց դռների օր` դպրոցականներին մասնագիտական կողմնորոշման հարցում օգնելու նպատակով: Աշակերտների հետ կհանդիպեն ու կզրուցեն ֆակուլտետների դեկանները: