25.04.2012 | 
Ուսանողական
ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ՀՈԳԻՆԵՐԻ ՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ՀՈԳԻՆԵՐԻ ՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ուսանողներն արդեն 2-րդ տարին է` Ապրիլի 24-ի նախօրեին կազմակերպում են մոմավառություն` ի հիշատակ Հայոց եղեռնի զոհերի:

Այս ավանդույթի հիմքը դրվել է դեռեւս անցած տարի` Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ: Կենտրոնական մասնաշենքի նախասրահում ուսանողների վառած մոմերով աստիճանների վրա պատկերվել էր 97 թիվը, քանի որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը, իսկ դրա ներքեւում էլ` խաչ:

 

Այս տարի մոմավառությանը, մի քանի տասնյակ ուսանողներից բացի, մասնակցում էին նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Պատմության եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետների դեկանները եւ ուրիշներ: Համալսարանականներին միացել էին նաեւ հոգեւորականները: «Տերունական աղոթքը» միաձայն արտասանելուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Զենոնը հոգեհանգստյան կարգ մատուցեց:

 

«Մեր մեջ պետք է ուժ գտնենք ամեն ժամ պահելու հիշատակը մեր անմեղ զոհերի` հասկանալով, որ մեր պատմական հիշողությունը ազգային ինքնության անբաժանելի մասն է: Զոհված հայորդիների հոգիները կարոտ են մեր միասնության: Ցավոք, մեր միաբանությունը կարճ ժամանակի համար է եղել միայն` օրհասական պահերին: Բայց այսօր, երբ ժողովուրդներ են ձուլվում, քայքայվում, մեզ` հայերիս համար դեպի հավերժություն գնալը դարձել է պատվախնդրություն»,- իր խոսքում նշեց Արամ Սիմոնյանը:

 

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն էլ կարծում է, որ սա անհրաժեշտ նախաձեռնություն է. «Հիշատակի խնկարկության այս արարողությունը յուրատեսակ լիցքեր է հաղորդում, ինչը յուրաքանչյուրիս երթը դեպի Ծիծեռնակաբերդ յուրովի պիտի իմաստավորի»: ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանն էլ փաստում է, որ այս տարվա մոմավառությանը մասնակցում էին ավելի մեծ թվով ուսանողներ, քան նախորդ տարի:

 

«Կարեւոր է, որ այս միջոցառումն անցկացվում է Մայր բուհի ներսում: Չնայած ավանդույթը դրել է մեր սերունդը, բայց մեր հաջորդներին էլ պետք է խնդրենք, որ այն պահեն ու զարգացնեն»,- ասում է նա: Իսկ հաջորդ օրը` ապրիլի 24-ին ԵՊՀ ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները միասին գնացին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` եւս մեկ անգամ խոնարհվելու պանթուրքիստական քաղաքականությանը զոհ գնացած 1.5 մլն հայերի հիշատակի առջեւ:

Այլ նորություններ
ՀԱՄԱՏԵՂԵԼՈՎ ԸՆՏԱՆԻՔԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԵՏ
Էլիզա Եղշատյանը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողներից է: Նրա հետ զրույցի շրջանակն ընդգրկում է մասնագիտական հետաքրքրություններին, որպես մասնագետ կայացման գործում համալսարանի նշանակալի դերին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին վերաբերող թեմաներ:
«ԵՊՀ-Ն ՍՈՎՈՐԵՑՐԵԼ Է ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ». ԳԱՅԱՆԵ ԼԱԼԱՅԱՆ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող Գայանե Լալայանը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար գիտությունների ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով հաղթողներից է: Գայանեի հետ զրույցի առանցքում ուսանողական տարիներից գիտական գործունեություն ծավալելու և վերապատրաստման միջազգային դասընթացների մասնակցելու կարևորությունն է: