27.08.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ԱՇԽԱՐՀԻ ՖԻԶԻԿՈՍՆԵՐԸ ԵՊՀ-Ի ՀԱՐԿԻ ՏԱԿ
ԱՇԽԱՐՀԻ ՖԻԶԻԿՈՍՆԵՐԸ ԵՊՀ-Ի ՀԱՐԿԻ ՏԱԿ
Այսօր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում մեկնարկեց «Օպտիկայի եւ ֆոտոնիկայի արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը:

Աշխարհի մոտ 15 երկրներից եկած մասնագետների ուշադրության կենտրոնում այնպիսի ոլորտներ էին, որոնք Հայաստանում դեռեւս այնքան էլ զարգացած չեն, սակայն համաշխարհային գիտական շրջանակների ուշադրության կենտրոնում են: Այդ ոլորտներից են մետամատերիալները, նանոկառուցվածքները, բիոֆոտոնիկան եւ այլն:

 

Գիտաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ-ի, ԳԱԱ-ի եւ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համատեղ ջանքերով: Այն իր ձեւաչափով տարբերվում է ավանդական գիտաժողովից. այն ե՛ւ ամառային դպրոց է, ե՛ւ գիտաժողով: Սկսնակ մասնագետների համար դասախոսություններ են կարդալու հատուկ հրավիրված գիտնականները:

 

Ըստ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանի` չնայած մեզ մոտ ավելի զարգացած են ֆունդամենտալ ուղղությունները, այժմ աշխարհում ավելի արդիական են դառնում կիրառական գիտությունները: Այսինքն` կա հիմքը, որի վրա պետք է կառուցել արդիականը: «Այսօր հասկանում ենք, որ երիտասարդ գիտնականների վարձատրությունն այնքան էլ բարձր չէ: Այդ պատճառով կարեւորում ենք նաեւ բարոյական կողմը: Երբ համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականը գնահատում է նրա աշխատանքը, նա ոգեւորվում է եւ վաղը կսկսի ավելի մեծ եռանդով աշխատել:

 

Այս գիտաժողովը կազմակերպել են երիտասարդները, մենք միայն օգնել ենք: Արդեն կա թիմային ոգի, ինչը շատ ուրախալի է: Բավական չէ ունենալ տաղանդավոր երիտասարդ անհատներ, պետք է լինի անհատականությունների թիմ»,- ասում է պարոն Պապոյանը: Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտ Ելենա Սիլաեվան ասում է, որ սա լավ առիթ է Հայաստանը տեսնելու, ինչպես նաեւ շփվելու գործընկերների հետ: «Շատ կարեւոր է նաեւ այն, որ զեկույցներ են ներկայացնելու հայտնի մասնագետներ, ումից սովորելու շատ բան կունենամ»,- ասում է նա:

 

«Ես ԱՄՆ-ում մասնակցել եմ մի մեծ գիտաժողովի, որտեղ տեսա, թե ինչպես են մարդիկ շփվում, ու ինչ արդյունքների է դա բերում: Մեր ուսանողները, ցավոք, հաճախ չեն կարող գնալ արտասահման եւ տեսնել այդ ամենը: Դրա համար որոշեցինք այդպիսի գիտաժողով անցկացնել մեզ մոտ` Հայաստանում»,- ասում է կազմակերպիչներից մեկը` Դիանա Անտոնեսյանը:

 

Ինչքան էլ հեռահաղորդակցությունն այսօր զարգացած է, այնուամենայնիվ,կազմակերպիչները կարեւորում են անմիջական շփումը: Նրանց խոսքերով` եթե այս գիտաժողովը հաջող ընթացք եւ ավարտ ունենա, կդառնա շարունակական: Նախատեսվում է նաեւ միջազգային համագործակցություն արտասահմանյան տարբեր գիտահետազոտական կենտրոնների եւ բուհերի հետ:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՑ ԵՎ ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՆ. ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր Ե. Չարենցի անվան դահլիճում իր աշխատանքներն է սկսել «Հարցեր մեդիայից և հարցեր մեդիային. ձևակերպելով նոր իրականություններ» խորագրով գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ հանրային հեռուստաընկերության 65 և հանրային ռադիոընկերության 95-ամյակներին:
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը: