27.09.2022 | 
Ուսանողական, Կրթություն, Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով:

Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «BostonGene» ընկերության համագործակցության շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչները ԵՊՀ ուսանողներին առաջարկեցին աշխատանք՝ բիոտեխնոլոգիայի ոլորտի փորձագետների թիմում։ Աշխատանքն ունի ճկուն գրաֆիկ և համատեղելի է ուսման հետ:

Միևնույն ժամանակ ներկայացվեցին ընկերության գործունեությունը, ստորաբաժանումների աշխատանքը, ստացված արդյունքները, ինչպես նաև ծրագրային ապահովման ոլորտում կարիերա ստեղծելու համար «BostonGene» ընկերության թիմին միանալու առավելություններն ու տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մասնագետների աշխատանքի բնույթը:

 

 

Կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանի խոսքով՝ այս համագործակցությունը տարբերվում է մյուսներից, որովհետև բիոտեխնոլոգիան բոլորովին նոր, արագ տեմպերով զարգացող ոլորտ է ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում և օրավուր աճող պահանջարկ ունի աշխատաշուկայում:

 

 

«Ընկերությունը հրաշալի հնարավորություն է տալիս ԵՊՀ կենսաբանության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների և ֆարմացիայի ինստիտուտի ուսանողներին՝ իրենց ուժերը փորձելու բիոտեխնոլոգիայի ոլորտում։ Նմանատիպ հանդիպումներն անշուշտ շարունակական են լինելու»,- վստահեցրեց կենտրոնի փոխտնօրենը:

 

«BostonGene» ընկերության աշխատակից Միլենա Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ուսանողների հետ հանդիպմանը նախապատրաստվել են երկար ժամանակ:

 

 

«Այսօրվա հանդիպման նպատակն է ԵՊՀ ուսանողներին կարիերա սկսելու և մեր ընկերությանն աշխատակցելու հնարավորություններ ընձեռելը: Մեր առաջարկած աշխատանքը երկարաժամկետ է և հեռանկարային»,- շեշտեց Մ. Մկրտչյանը:

 

Ֆակուլտետի ուսանող Լաուրա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեծ ցանկություն ունի ընկերությանը միանալու և նրա մի մասը դառնալու:

 

«Շատ ուրախալի է, որ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը մեզ համար ստեղծում է նման հնարավորություններ: Համալսարանում լավ սովորելու և մեր ստացած գիտելիքները ճիշտ կիրառելու դեպքում մենք կստանանք և արդեն իսկ ստանում ենք հրաշալի հնարավորություն ոլորտի առաջատար ընկերություններում մեր տեղը գտնելու»,- ընդգծեց Լ. Հովհաննիսյանը:

 

 

Հանդիպման ավարտին ուսանողները լրացրին հայտադիմումներ, որպեսզի կարողանան մասնակցել հարցազրույցի և փորձաշրջան անցնելուց հետո ստանան աշխատանքի առաջարկ:

 

Նշենք, որ «BostonGene» ամերիկյան ՏՏ առողջապահական ընկերությունը Երևանում ունի ինժեներական կենտրոն: Այն մշակում է նորարարական ամպային հարթակ, որն օգնում է ուռուցքաբանին կոնկրետ հիվանդի համար ընտրել համապատասխան թերապիա՝ նրա ուռուցքի, օրգանիզմի եզակի գենետիկական և մոլեկուլային բնութագրերի հիման վրա:

Այլ նորություններ
«ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կառավարման և գործարարության ամբիոնի և «SSB Academy»-ի նախաձեռնությամբ անցկացվեց վարպետության դաս, որի հիմնական նպատակն էր ուսանողներին տալ պրակտիկ գիտելիք և հմտություններ:
ԿԱՅԱՑԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ. ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ
Ս․թ․ դեկտեմբերի 3-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում ԵՊՀ-ի և Արիզոնայի պետական համալսարանների կազմակերպած և ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի գործունեության շրջանակում իրականացվող միջազգային գիտաժողովի շրջանակում։